Մատչելիության հղումներ

Շարմազանով. «ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղան և ներկայացնի իր շահերը»


Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջխորհրդարանական հանձնաժողովը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին`բանակցային գործընթացների բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությունն ապահովելու համար:

Պատգամավորները Մինսկի խմբում համանախագահող երկրներին կոչ են արել գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծից դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննության և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղն իբրև հակամարտության կարգավորման լիիրավ կողմ, հիշեցնեմ, բանակցային գործընթացին չի մասնակցում 1998 թվականից: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) «Ազատության» հետ զրույցում ասաց` առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը բանակցային գործընթացին, հնարավոր չէ ակնկալել լուրջ առաջընթաց:

«Սրանով թե’ Հայաստանի Հանրապետությունը, թե’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հստակ ազդակ են հղում միջազգային հանրությանը և առաջին հերթին` Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին և դրանց նախագահներին, որ թե’ Հայաստանը և թե’ Լեռնային Ղարաբաղը պատերազմ չեն ցանկանում: Մենք բացառապես խաղաղ բանակցությունների կողմնակից ենք: Եվ մենք պատրաստ ենք դուրս հանել դիպուկահարներին: Եթե մենք ուզում ենք բանակցությունների վերսկսում կամ բանակցությունների ակտիվացում, ապա այստեղ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես զինադադար կնքած կողմերից մեկը, պատրաստ է ամբողջությամբ ներգրավվել», - ասաց Շարմազանովը:

Հարցին, թե կարելի է այս քայլը դիտարկել որպես հայկական կողմից բանակցություններն ակտիվացնելու նախապայման է, նա արձագանքեց. - «Սա ոչ թե պայման է կամ նախապայման է, սա անհրաժեշտություն է` տրամաբանական և կարևոր անհրաժեշտություն, առանց որի հնարավոր չէ առաջընթաց: Որովհետև որևէ մեկը` ո’չ Հայաստանը, ո’չ Ադրբեջանը, ո’չ համանախագահ երկրներից որևէ մեկը ո’չ բարոյական, ո’չ իրավական, ո’չ էլ պատմական իրավունք ունեն առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշելու նրանց ճակատագիրը: Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը իր ճակատագիրը որոշել է և պետք է վերադառնա բանակցային սեղան, որպեսզի ինքը, որպես կողմ, ներկայացնի իր շահերը»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ողջունեց պատգամավորների այս նախաձեռնությունը: «Ղարաբաղը ներգրավելով` ինքը իր վերաբերյալ որոշումներին մասնակից է լինում և, բնականավար, կարողանում է պաշտպանել իր շահերը ամբողջական: Եվ այստեղ հայկական իշխանությունները եթե ինչ-ինչ հարցերից ելնելով ստիպված են լինում, ինչպես հիմա է, ճնշումների ենթարկվել կամ փոքր-ինչ ճնշման անմիջապես տեղի տալ` իրենց նաև ոչ լեգիտիմ իշխանություն լինելու պատճառով, ապա Լեռնային Ղարաբաղի պարագայում նման վտանգները իսկապես չեզոքացված կլինեն»:

Այնուհանդերձ, Մարտիրոսյանը կարծում է, որ Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային գործընթացում ապահովելու համար միայն միջխորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունը բավարար չէ. - «Առաջին հերթին պետք են դե ֆակտո նախագահության և արտգործնախարարության հստակ դիրքորոշումները և հստակ քայլերը»:

Էդուարդ Շարմազանովի պարզաբանմամբ`Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը նման անհրաժեշտության մասին խոսում են այսօր, որովհետև «հիմա առավել քան երբևէ Ադրբեջանի ղեկավարությունը իրականացնում է հակահայկական և ռասիզմի քաղաքականություն»:

Արմեն Մարտիրոսյանի կարծիքն այլ է. - «Այսօրվա իշխանությունների սխալ և անհեռատես քաղաքականության արդյունքում մենք եկել ենք կանգնել են մի իրավիճակի [առջև], երբ Հայաստանը կորցնում է իր սուբյեկտայնությունը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված, և մենք շատ վտանգավոր մարտահրավերների առջև ենք: Ուստի որպես աջակցություն, որպես նաև որոշակիորեն մարտավարական քայլ երևի այս պահին տեսնում են մեր իշխանությունները նմանատիպ հարցը: Եվ պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները միշտ են ցանկացել, որ լինեն բանակցային կողմ այն պահից, երբ սխալ քայլերին արդյունքում, այդ թվում նաև` երկրորդ նախագահի, իրենք դուրս մղվեցին բանակցային գործընթացից»:

XS
SM
MD
LG