Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀ և ԼՂ միջխորհրդարանական հանձնաժողովը կարևորում է Ղարաբաղի միջազգային ճանաչումը


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում

Հայաստանի Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը դիմել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին՝ «ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության ապահովմանը բանակցային գործընթացի բոլոր փուլերին»:

Միջխորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունում, որը այսօր տարածել է Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը, ընդգծված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին և այն ժամանակ դեռևս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը»:

«Ի պատասխան Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության, Ադրբեջանը որդեգրեց էթնիկ զտումների և ուժային մեթոդներով հարցի լուծման քաղաքականություն, որը շարունակվում է ցայսօր», - արձանագրում է հանձնաժողովը:

Հայաստանի և Ղարաբաղի միջխորհրդարանական հանձնաժողովը համոզված է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը կապահովի ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անշրջելիությունը և Ադրբեջանի համար կհանդիսանա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության ազդանշան»:

«1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարևոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների շնորհիվ», - նշում է հանձնաժողովը՝ վերահաստատելով հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, անհրաժեշտ համարելով հակամարտության վերջնական կարգավորման գրավական հանդիսացող հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու կարևորելով խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը:

Միջխորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին «գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ»:

Հանձնաժողովը համոզմունք է հայտնում, որ «հայ ժողովուրդը` Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի, ինչպես և նախկինում, կգործադրի իր ողջ ներուժը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի` ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով երաշխավորված ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունն ապահովելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG