Մատչելիության հղումներ

Նալբանդյանը վերահաստատել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը


Չորեքշաբթի օրը Բրյուսել կատարած իր կարճատև այցի ընթացքում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել և զրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Բրյուսելում մասնակցում էր Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Ըստ տեսաձայնագրությունների՝ Նալբանդյան-Քերրի հանդիպումը երկար չի տևել, սակայն Էդվարդ Նալբանդյանի վերջերս Բրյուսել կատարած այցելությունները հատկապես ուշագրավ են մեկ այլ համատեքստում ևս:

Բանն այն է, որ վերջերս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)-ը, որի անդամ է Հայաստանը, հայտարարեց, որ դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել էր, որ իրենք առայժմ դադարեցնում են ՆԱՏՕ-ի հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով կապերի հաստատման ուղղությամբ բոլոր ջանքերը՝ հաշվի առնելով այն դիրքորոշումը, որն այսօր ուկրաինական ճգնաժամի ընթացքում որդեգրել է ՆԱՏՕ-ն: Ըստ Բորդյուժայի` այսօր ՆԱՏՕ-ն շանտաժային քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ անդամ-պետությունների ողջ ճակատով՝ ի ցույց դնելով, որ վերջին ամիսներին նրանք ծայրահեղ դժգոհ են Ռուսաստանի գործողություններից:

Սակայն երեկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքեր են գործադրվել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար՝ փաստորեն վերահաստատելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը:

«Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին»,- փոխանցում է արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը:

Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին գործերի նախարարներ:

Հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեցին նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին:

XS
SM
MD
LG