Մատչելիության հղումներ

Փորձագետները կարծում են՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հետաձգվում է Ադրբեջանի պատճառով


Փորձագետների համոզմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը հետաձգվում է Ադրբեջանի պատճառով:

Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե բացի այն, որ Հայաստանի անդամակցությանը դեմ են Ադրբեջանի շահերը ներկայացնող Բելառուսն ու Ղազախստանը, վերջին շրջանում առաջ եկավ մի նոր հանգամանքը, որը կարող է պատճառ հանդիսանալ Հայաստանի անդամակցության հետաձգման համար:

«Ռուսաստանը բավականին շահագրգռված է որևէ կերպ ուժեղացնել համագործակցությունը հենց Ադրբեջանի հետ, եթե այն չդարձնել Մաքսային միության և Եվրասիական միության անդամ, ապա գոնե ընդհանուր գազանավթային քաղաքականություն, ռազմավարություն մշակել և իրականացնել երկկողմանիորեն։ Սա կարևորագույն լծակ է Ռուսաստանի համար ազդելու Արևմուտքի վրա, և այդ լծակը արդյունավետ օգտագործելու համար Ռուսաստանին անհրաժեշտ են գործընկերներ, որոնք նույնպես ունեն համապատասխան պաշարներ»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ այս գործընթացը վտանգներ է պարունակում Հայաստանի համար. - «Միանշանակ այդպիսի վտանգներ կան, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ լեզու գտնելու շրջանակներում պետք է ինչ-որ հետաքրքիր բան առաջարկի Բաքվին, և առևտրի առարկա կարող է դառնալ նաև Ղարաբաղի կարգավիճակը ոչ միայն մաքսակետի առկայությունը, այլ շատ ավելի լուրջ հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ»։

Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նույնպես համոզված է՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետների հետաձգումը պայմանավորված է Ադրբեջանի գործով:

«Ադրբեջանին Եվրասիական միություն քարշ տալու հարցը առայժմ մնում է չլուծված։ Եվրասիական միություն մտնելու համար Ադրբեջանը համապատասխան գին է ուզելու Ռուսաստանից, իսկ Ռուսաստանը ի՞նչ կարող է առաջարկել Ադրբեջանին... այն, ինչ Ռուսաստանն այսօր կարող է առաջարկել, Ադրբեջանը ունի, նույնիսկ փող ունի, այն, ինչ չունի Հայաստանը, հետևաբար միակ բանը, որ կարող է հետաքրքրել Ադրբեջանին, Ղարաբաղն է և Ռուսաստանի համապատասխան դիրքորոշումը այս հարցում։ Այստեղ հարցն այն է, թե կգնա՞ Ռուսաստանը փոխանակման՝ հայկական շահերի հաշվին»,- ասաց Մեհրաբյանը։

Այն, որ Ռուսաստանը կգնա Հայաստանի շահերի դեմ, փորձագետը դրա համար խոչընդոտներ չի տեսնում, քանի որ բազմիցս ենք ականատես եղել՝ Ռուսաստանի ցանկացած անթույլատրելի քայլ Հայաստանի նկատմամբ որևէ հակազդեցություն չի ստանում.- «Թե իշխանության կողմից, թե այսպես կոչված ընդդիմության կողմից։ Փաստորեն Հայաստանի ներսում որևէ ներքին ինստիտուցիոնալ դիմադրություն չկա»։

Մեհրաբյանն ընդգծում է, որ ամեն ինչ կուլ տալով Հայաստանը պատրաստվում է ինտեգրվել մի կառույցի, որից միայն վնասներ է կրելու և հայտնվելու է էլ ավելի մեկուսացված վիճակում: Նախ Հայաստանը պետք է բարձրացնի ներմուծման մաքսադրույքները, իսկ հաշվի առնելով, որ Հայաստանը ներմուծումից կախված երկիր է, բնականաբար, այդ քայլը էական վնասներ է հասցնելու մեր տնտեսությանը։ Երկրորդ՝ ինտրեգվում ենք մի տարածքի, որի առանցքը Ռուսաստանն է և որի դեմ տնտեսական դաժան պատժամիջոցները դեռ առջևում են։ Եվ երրորդ՝ Հայաստանը խնդիրներ է ունենալու Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, ինչի մասին բաց տեքստով խոսեց նաև Ռուսաստանի առաջին փոխվարչապետը։

«Մանավանդ երբ մենք ունենում ենք Վրաստանի պես հարևան, որը արդեն Եվրամիության ընդհանուր առևտրային գոտու լիիրավ անդամ է դառնալու վաղվանից։ Եվ փաստորեն հայ-վրացական սահմանը դառնում է ռուս-վրացական սահման։ Առանց այդ էլ մեկուսացած մեր պետությունը դնում ենք տոտալ մեկուսացման ռեժիմի մեջ։ Մենք պետք է գնանք ինչ-որ քայլերի, որը ուղղակիորեն պայթեցնում է Հայաստանի ողջ տնտեսական համակարգը»,- ասաց փորձագետը։

«Իսկ իշխանությունը միայն մտահոգված է մեկ հարցով՝ թույլ չտալ իրավիճակներ, որոնք կվտանգեն իր իշխանություն լինելը։ Ժամանակն է, որ քաղաքացիներն ուղղակի իրենց երկրի ճակատագիրը վերցնեն իրենց ձեռքը։ Այս քաղաքական դասին վստահելը ուղղակի վտանգում է մեր և մեր զավակների ապագան»,- եզրափակեց Մեհրաբյանը։

XS
SM
MD
LG