Մատչելիության հղումներ

logo-print

Կանազի գործով տուժողը պնդում է, որ ոչ թե ծեծել, այլ սանձահարել է զինվորներին


Կանազի գործով այսօրվա դատական նիստին Երևանի կայազորային հոսպիտալի հրամանատար, այս գործով տուժող Սահակ Օհանյանը հայտարարեց, որ ինքը զինվորներին չի ծեծել, այլ փորձել է սանձահարել նրանց։

Հիշեցնեմ, որ անցած տարվա նոյեմբերին Երևանի կայազորային հոսպիտալում (Կանազի հոսպիտալում) մեծ աղմուկ հանած ծեծկռտուքի հետևանքով մեղադրանք է ներկայացվել հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժվող 3 ժամկետային զինծառայողների։ Նրանք մեղադրվում են հոսպիտալի ղեկավար կազմին ծեծի ենթարկելու մեջ։ Գործով անցնող չորրորդ զինվորը մեղադրվում է ծեծկռտուքի ժամանակ ինքնախեղում կատարելու ու զինվորներից մեկին հարվածելու համար։ Այս գործով տուժող են ճանաչվել հոսպիտալի 5 բժիշկներ։

Օհանյանը փաստաբանների տարբեր հարցադրումներին ի պատասխան պնդեց, թե ոչ թե ծեծի է ենթարկել զինվորներին, այլ սանձահարել. օրինակ, զինվոր Դավիթ Մարկոսյանն այդ պահին փորձել է աթոռով հարվածել հրամանատարի գլխին, բայց դա նրան չի հաջողվել՝ ենթական փրկել է հրամանատարի կյանքը։ Կռիվը թեժացել է, երբ զինվորներից մեկը պատռել է հրամանատարի վերնաշապիկը։ Ռազմիկ Մանուկյանը դանակը ձեռքին փորձել է ահաբեկել սպայական կազմին, զինվորները հայհոյանքներ են հնչեցրել նրանց հասցեին։ Հրամանատարը նշեց, որ հեռախոսով հասցրել է տեսագրել կատարվածը, որտեղ, ըստ նրա, հստակորեն երևում է զինվորների պահվածքը։ Այդ տեսագրությունը կցված է քրեական գործի նյութերին։

Ամբաստանյալներից Ռազմիկ Մանուկյանի պաշտպանի հարցին, թե ինչպե՞ս է փորձել սանձահարել զինվորներին, Օհանյանը պատասխանեց.- «Բարցովսկի պրիյոմ եմ կատարել, գցել եմ գետին, ես դա հարված չեմ համարում, ուղղակի իրեն տապալել եմ գետնին»։

Իր ցուցմունքում հրամանատարը նշեց, որ ամեն ինչ սկսվել է ալկոհոլից։ Երեկոյան, երբ նա արդեն տանն էր, լուր է ստացել այն մասին, որ ամբաստանյալներից Ռազմիկ Մանուկյանն ու Արշակ Թորոսյանը հիվանդասենյակում զբաղվում են հարբեցողությամբ։ Եկել տեսել է նրանց հարբած վիճակում և փորձել կարգի հրավիրել։ Բայց զինվորները չեն ենթարկվել նրան, կողապահարանը նետել են նրա ուղղությամբ, վնասել հագուստն ու ողջ հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքը ոտքի են հանել, աղմուկ-աղաղակ սարքել, ջարդել պատուհանները, հոսպիտալի երկաթյա դուռն ու դուրս եկել շենքից։ Այս իրարանցման մեջ 4 զինվոր փախել է հոսպիտալից։ Ամեն ինչ հանդարտվել է, երբ ժամանել են ժամանել են իրավապահները։

Մեղադրյալի աթոռին հայտնված զինվորները անցած դատական նիստին հայտարարեցին, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Իսկ ավելի վաղ նրանց փաստաբանները հայտարարել էին, թե սպայական կազմն է զինվորների նկատմամբ բռնություններ կիրառել և որ գործի նյութերում կան նրանց մարմնական վնասվածքները հաստատող փաստեր։

XS
SM
MD
LG