Մատչելիության հղումներ

Լրագրողների աշխատանքը խոչընդոտած ՀՀԿ-ականը կարող է նշանակվել ՀՊՏՀ-ի պրոռեկտոր


Լրագրողների աշխատանքը խոչընդոտած հանրապետականը կարող է նշանակվել ՀՊՏՀ-ի պրոռեկտոր
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00

Մամուլի վերջին հրապարակումների համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայիս ուսխորհրդի նախագահին՝ Սևակ Խաչատրյանին պատրաստվում են պրոռեկտոր նշանակել:

Խոսքն այն նույն ՀՀԿ-ական երիտասարդի մասին է, ում գլխավորությամբ անցած տարի բուհի տասնյակ ուսանողներ կենդանի պատ էին կազմել լրագրողների առջև ու անգամ շատերին վիրավորել՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանությանը լրագրողների մուտքը խոչընդոտելու համար:

Թեպետ այդ օրերին նա ջանասիրաբար հերքում էր, որ ներկա է եղել այդ միջադեպին, այդուհանդերձ տեսաերիզներում երևում է, թե ինչպես է Խաչատրյանը ոստիկաններին ու ուսանողներին հրահանգներ տալիս:

«Ազատության» հետ զրույցում Սևակ Խաչատրյանը պնդեց, թե տեղյակ չէ իրեն պրոռեկտոր նշանակելու լուրերից, հետո խնդրեց զանգահարել քիչ անց ու դադարեց այլևս մեր զանգերին պատասխանել: Հնարավոր նշանակման մասին տեղեկություններ չուներ նաև ՀՊՏՀ-ի ռեկտորը. նա նույնպես խնդրեց իրեն ավելի ուշ զանգահարել ու նույնպես դադարեց պատասխանել զանգերին:

Այդուամենայնիվ, ոչ միայն Սևակ Խաչատրյանն ու բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը, այլև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չեն հաստատում, բայց և չեն հերքում երիտասարդ ՀՀԿ-ականին պաշտոնի բարձրացում տալու հնարավորությունը:

Անդրադառնալով նրա մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին՝ նախարարն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե կարելի է ներողամիտ լինել երիտասարդների հանդեպ, հատկապես, երբ նրանք ներողություն էին խնդրել:

«Ես կարծում եմ, որ եթե մենք տարաբնույթ ներողամտություններ ցուցաբերում ենք՝ այդ թվում, ենթադրենք, ամնիստիայի մակարդակով, տարբեր հանցագործությունների՝ այդ թվում այսօրվա գործող որոշ քաղաքական գործիչների նկատմամբ, ապա կարող ենք այդ երեխաների կողմից ներողությունն ընդունել որպես «միջադեպը սպառված է» թեմայի վերջակետ», - ասաց նախարարը:

Տնտեսագիտական համալսարանի տարածած հայտարարության մեջ, մինչդեռ, որևէ խոսք չկար երիտասարների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, վիրավորելու և դրա համար զղջալու վերաբերյալ. տեքստում միայն նշված էր, թե երիտասարդները տրվել են լրագրողների սադրանքներին և ներողություն են խնդրում միայն դրա համար:

Արձագանքելով Աշոտյանին` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ասաց, որ այդ պարագայում ներողամիտը հենց լրագրողներն են եղել, ովքեր չպայքարեցին, որպեսզի իրենց աշխատանքները խոչընդոտող ու հայհոյող ուսանողները պատժվեն. - «Եվ սա արդեն, կարծում եմ, կարելի է համարել ներողամտություն, բայց դա չի նշանակում, որ այդպիսի անձնավորությունները պետք է բարձրաստիճան պաշտոնյաներ դառնան։ Չի կարելի մի մարդու, որը որ իրեն վարկաբեկել է, բարձր պաշտոնի նշանակել, իսկ այդ արատավոր պրակտիկան, ցավոք, մեր երկրում կա»:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունը լրագրողներից պաշտպանող երիտասարդների հայհոյանքին էին արժանացել ինչպես «Ազատություն» ռադիոկայանի, այնպես էլ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Գագիկ Աղբալյանը, ով փորձել էր պաշտպանել գործընկերոջ մասնագիտական պատիվը:

«Էսօր իրենք փաստորեն բուհերում աճեցնում են այնպիսի տղաների, ում համար պատիվ պաշտպանելը հայհոյանքի է արժանի: Ես չեմ զարմանում էդ նորությունից, որովհետև մենք ավելի վատ բաներ ենք տեսել և էս դեպքը վատագույնը չէ մեր իրականության մեջ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Աղբալյանը:

Նա վստահ է, որ հատկապես այդ միջադեպից հետո Սևան Խաչատրյանը կարող է ոչ միայն պրոռեկտոր, այլ նաև ռեկտոր նշանակվել՝ ընդգծելով, որ բարձր պաշտոններ գրավելու համար այսօր հարկավոր է «ծառայություններ» մատուցել․ - «Եթե դու ի վիճակի չես մի կողմ դնել շատ-շատ արժեքային բաներ և ըստ իրավիճակի որոշակի ծառայություններ մատուցել և պաշտպանել որոշակի պաշտոնյայի, եթե դու պատրաստ չես գնալ դրան, իհարկե, դու Հայաստանում պետական ապարատում չես ունենա առաջխաղացման հնարավորություն: Շատ խելացի մարդիկ զրկվել են դրանից և հիմա արտերկրում են»:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել նախորդ տարի դեկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG