Մատչելիության հղումներ

logo-print

Նախարարն ընդունում է, որ «Լեզվի մասին» օրենքը խախտվում է


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրապարակավ ընդունում է, որ Հայաստանում «Լեզվի մասին» օրենքը բազմիցս խախտվել է, սակայն պնդում է, թե նախարարությունը այդ հարցում որևէ գործառույթ չունի:

«Ազատության» հարցին, թե մտահոգություն հնչեցնելուց զատ, Կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի օրենքը հատկապես ռուսերենով անցկացվող միջոցառումների ժամանակ շարունակաբար չխախտվի, նախարարն արձագանգքեց. - «Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս փաստերը գոյություն ունեն: Բայց այդ փաստերը գոյություն ունեն ոչ միայն ռուսաց լեզվի հետ կապված: Բազմաթիվ կոնֆերանսներ և սեմինարներ են լինում, որտեղ մասնակցում են պետական պաշտոնյաները, որտեղ անգլերենով նույնպես չի ապահովվում զուգահեռ թարգմանությունը: Ռուսերենը այս պարագայում գուցե ավելի ցայտուն է երևում, որովհետև պաշտոնյաների մեծ մասը ռուսերեն գիտի, Իսկ անգլերենը տվյալ պարագայում գուցե մնում է ստվերում հենց այդ պատճառով: Բայց ձեզ ասեմ, որ Հայաստանում անգլերենով կազմակերպվող միջոցառումների թիվը ռուսերենից պակաս չէ»:

«Կառավարությունը այդ օրենքի շրջանակներում պետք է իրականացնի իր գործառույթները: Այս պարագայում, եթե ուղիղ կարդաք օրենքը, մենք որևէ գործառույթ չունենք», - հավելեց նախարարը:

Մինչդեռ Արմեն Աշոտյանի գլխավորած նախարարության կազմում է Լեզվի պետական տեսչությունը, և տեսչության կանոնադրության 7-րդ հոդվածի «բ» կետում նշված է․ «[Տեսչության խնդիրն է] «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը»:

Իսկ ի՞նչ է պահանջում «Լեզվի մասին» օրենքը: Այդ օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետում կարդում ենք․ - «Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:

Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը այսօր խոստացավ «Ազատության» հարցերին պատասխանել ավելի ուշ:

Հայաստանի պետական մարմինների կողմից «Լեզվի մասին» օրենքի խախտման օրինակները բազմաթիվ են: Վերջինը հունիսի 23-ին էր, երբ արտգործնախարարությունում Էդվարդ Նալբանդյան - Սերգեյ Լավրով ասուլիսն անցկացվեց ռուսերենով`առանց հայերեն զուգահեռ թարգմանության:

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կազմակերպած և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին նվիրված միջոցառումտը նույնպես միայն ռուսերեն էր՝ առանց թարգամանության: Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին փոխնախարար Գառնիկ Բադալյանից, ինչու՞ չկա հայերեն զուգահեռ թարգմանություն, փոխնախարարը խորհուրդ տվեց. - «Լեզվի մասին օրենքը գնացեք ուրիշ տեղ պաշտպանեք»:

Դե իսկ, «Լեզվի մասին» օրենքի ամենակոպիտ խախտումը վերջին շրջանում գրանցվեց Ազգային ժողովում: Հուևիսի 11-ին այնտեղ հյուրընկալել էին Ռուսաստանի նախագահի տեսակետները քարոզող «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին, և միջոցառումը դարձյալ միայն ռուսերեն էր՝ առանց հայերեն թարգմանության:

Ընդ որում, Կրեմլի խոսափողը հանդիսացող Կիսելյովը Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, Հանրապետական խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանի, Հայկ Բաբուխանյանի, Տաճատ Վարդապետյանի ներկայությամբ հրամայական տոնով պահանջեց Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել «Լեզվի մասին» օրենքը, քանի որ ռուսաց լեզուն, ըստ Կիսելյովի, Հայաստանում նահանջ է ապրում: Իսկ եթե դա չարվի, ապա կտուժի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և Հայաստանի անվտանգությունը:

Միջոցառմանը ներկա Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարեց՝ ռուսերենը պետք է Հայաստանում լինի երկրորդ պետական լեզուն:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանն այսօր «Ազատությանն» ասաց, թե ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում կանխելու «Լեզվի մասին» օրենքի դրույթների ոտնահարումները, իսկ նման բազմաթիվ դեպքերից հետո չեն պատժում օրինախախտներին. - «Մինչև հիմա չեն հասկացել, որ Սահմանադրության համապատասխան կետը ունի հիմնարար նշանակություն այս երկրի գոյության համար և երկրի ինքնիշխանությունը ապահովող հիմնասյուներից է: Ինչպես մեր բանակը: Եվ այդպիսի ոտնձգությունը պետական մարմնի կողմից պետական լեզվի դեմ հավասար է, ասենք, մեր պաշտպանունակությունը գիտակցաբար նվազեցնելու ջանքերին»:

XS
SM
MD
LG