Մատչելիության հղումներ

«Հիրոշիմայի խաղաղության քար»՝ Երևանում


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Երևանի Մանկական զբոսայգում տեղադրվել է «Հիրոշիմայի խաղաղության քար» հուշաքարը: Այսօր կայացած հանդիսավոր արարողության ժամանակ այն բացել են քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար Միչիկո Ումեմոտոն։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ներկայացնելով հուշաքարի ծագումը՝ Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ այն 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոշիմայում ատոմային ռմբակոծության էպիկենտրոնից 200 մետր հեռավորությամբ գտնվող Աիոի կամրջին կից երկաթգծի սալաքարերից է, որոնցից 188-ը ռմբակոծությունից տարիներ անց հավաքվել և քաղաքացիների ձեռքերով 7 տարիների ընթացքում վերածվել են յուրօրինակ հուշաքարերի։

«Քաղաքացիների մտահղացմամբ՝ 1991 թվականից քարերն սկսեցինք նվիրաբերել աշխարհի առաջնորդներին։ Այս սալաքարերը՝ միջուկային աղետի համր վկաները, կարծում ենք, յուրաքանչյուր երկրում կդառնան մարդկության համընդհանուր իղձերի ներդաշնակության, եղբայրության և խաղաղության ուղերձի ինքնատիպ կրողներ», - ասել է Միչիկո Ումեմոտոն և շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահին, «ում հավանությամբ և աջակցությամբ Հիրոշիմայի խաղաղության քարը հայկական հողում՝ Երևանում սկսում է ապրել նոր կյանքով»։

Խաղաղության քարին երեք լեզուներով գրված է Հիրոշիմայի բնակիչների խորհրդանշական պատգամը․ - «...Դասեր քաղելով մեր տառապանքից և առաջնորդվելով մեղքի զգացումով, որ մենք ունենք Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքն անցած այլ ազգերի հանդեպ՝ մեր սահմանադրությամբ հավաստեցինք այսուհետ երբեք այլ երկրների նկատմամբ ագրեսիա չիրականացնելու մեր վճռականությունը։ Մենք նվիրաբերում ենք այս սալաքարերն աշխարհի ժողովուրդներին՝ հուսալով, որ համայն մարդկությունը կկիսի անպատերազմ աշխարհում ապրելու մեր ընդհանուր իղձը, աչքի առաջ ունենալով Հիրոշիմայի ատոմային ռմբակոծությունը՝ որպես հիշեցում խաղաղության կարևորության մասին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG