Մատչելիության հղումներ

Թայլանդում ռուսական մաֆիայի պարագլուխ է ձերբակալվել՝ հայկական կեղծ անձնագրով


Թայլանդ - Ալեքսանդր Մատուսովը ոստիկանության ասուլիսի ժամանակ, Բանգկոկ, 25-ը հունիսի, 2014թ․

Թայլանդ - Ալեքսանդր Մատուսովը ոստիկանության ասուլիսի ժամանակ, Բանգկոկ, 25-ը հունիսի, 2014թ․

«Բասմաչը» Թայլանդում բնակվում էր որպես թոշակառու:

Թայլանդի ոստիկանությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող ռուսական մաֆիայի պարագլուխներից մեկին, ով Թայլանդում ապրում էր հայկական կեղծ անձնագրով: Այս մասին Բանգկոկից հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:

Թայլանդի ոստիկանության գեներալ Վութ Լիպտապանլորը մամուլի ասուլիսում հայտնել է, որ հանցախմբի պարագլուխ 52-ամյա Ալեքսանդր Մատուսովը ձերբակալվել է երկուշաբթի օրը Թայլանդի արևելյան շրջանի ծովափնյա Սաթահիփ քաղաքում, սուպերմարկետի դիմաց:

Բանգկոկում աշխատող ռուսաստանցի դիվանագետ Ալեքսեյ Ֆալունինը Associated Press-ին ասել է, որ Մատուսովի «Շչելկովսկի» հանցախմբի ցանցը ակտիվորեն գործել է 1995-2009 թվականներին: Նրանք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայտնի են բազմաթիվ հանցագործություններով, սպանություններ, առևանգումներ, շորթումներ են կատարել: «Նրանք պատասխանատու են բազմաթիվ սպանությունների համար, և նրա ձերբակալությունը շատ կարևոր է մեզ համար», - ասել է դիվանագետը:

Ռուսաստանի իշխանությունները Մատուսովի և հանցախմբի այլ անդամների նկատմամբ հետախուզում են հայտարարել 1996 թվականին՝ թշնամի խմբավորման չորս անդամների սպանության մեղադրանքով:

Թայլանդի ոստիկանության գեներալ Վութը ասել է, որ Մատուսովը առաջին անգամ Թայլանդ է ժամանել 2009 թվականին, հետո վերադարձել է հայկական կեղծ անձնագրով: Նա Թայլանդում բնակվում էր որպես թոշակառու:

Թայլանդի միգրացիոն ոստիկանությունը արդեն չեղյալ է համարել նրա վիզան, և հիմա քայլեր են ձեռնարկվում Մատուսովին Ռուսաստանին հանձնելու համար:

Ռուսական «Իզեստիա» պարբերականը գրում է, որ Մատուսովը քրեական աշխարհում հայտնի էր «Բասմաչ» մականունով:

Թայլանդում Ռուսաստանի փոխհյուպատոս Ալեքսեյ Ֆալունինը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է, որ Մատուսովը Ռուսաստանում կկանգի դատարանի առաջ: Նա նշել է, որ ձերբակալությունը կատարվել է Ինտերպոլի, տեղի իշխանությունների և Ռուսաստանի դիվանագիտության համատեղ ջանքերի շնորհիվ, հավելելով, որ մոտ ապագայում Թայլանդը Ռուսաստանին կարտահանձնի ևս երեք ռուսաստանցու:

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ «Շչելկովսկի» հանցախումբը ամենադաժաններից մեկն էր համարվում, նրանց վերագրվում է ավելի քան 60 սպանություն: Նրանց զոհերի թվում նշվում են Շչելկովսկի շրջանի հողօգտագործման կոմիտեի ղեկավար Սերգեյ Միխեևի և նույն շրջանի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի որդու՝ Հարություն Լոբյանի անունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG