Մատչելիության հղումներ

Դաշնության խորհուրդը չեղարկեց Ուկրաինա զորք մտցնելու թույլտվությունը


Ռուսաստան - Դաշնության խորհրդի քվեարկության արդյունքները, Մոսկվա, 25-ը հունիսի, 2014թ․
Ռուսաստան - Դաշնության խորհրդի քվեարկության արդյունքները, Մոսկվա, 25-ը հունիսի, 2014թ․

Փորձագետները, սակայն, նկատում են, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի այսօրվա որոշումը մեծ հաշվով ոչինչ չի նշանակում:

Ինչպես և սպասվում էր, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը չորեքշաբթի օրը հավանության արժանացրեց երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը և չեղյալ համարեց Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլ տալու մասին իր իսկ մարտի 1-ի որոշումը:

Այսօրվա որոշմանը կողմ քվեարկեց 153 սենատոր, դեմ՝ մեկը:

Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներում էլ Կրեմլը չունի քվորումի խնդիր, և Պուտինի ցանկացած առաջարկ կամ որոշում անցնում է գրեթե միաձայն:

Դիտորդներից շատերը Ռուսաստանի նախագահի այս քայլը սոսկ PR են համարում՝ ուղղված առաջին հերթին Արևմուտքին:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը այսօր հայտարարություն է տարածել, որի համաձայն, մասնավորապես, պաշտոնական Մոսկվան ակնկալում է, որ այս դրական ազդանշանները կլսեն և՛ Ուկրաինայում, և՛ ամբողջ աշխարհում:

Մոսկվան ակնկալում է, որ իրավիճակը Ուկրաինայի արևելքում կկարգավորվի և կգտնվեն փոխզիջման տարբերակներ, հայտարարությունում ընդգծել է Կարասինը՝ այդ թվում նշելով Ուկրաինայում ռուսերենի նկատմամբ հարգանքի և հատուկ վերաբերմունքի, ինչպես նաև Ուկրաինայի նոր Սահմանադրության մասին:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր հայտարարել է, որ երկրում մի պետական լեզու է լինելու՝ ուկրաիներենը:

Այդուամենայնիվ, Ուկրաինայի նախագահը Պուտինի այս որոշումը համարել է ռուսական կողմի առաջին գործնական քայլը Ուկրաինայի արևելքում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ այս տարվա մարտի 1-ին Դաշնության խորհուրդը թույլ տվեց Ռուսաստանի նախագահին հարկ եղած դեպքում երկրի զինված ուժերն օգտագործել Ուկրաինայի տարածքում, և, ըստ էության, մարտի 1-ից սկսած բոլորը սպասում էին, որ Ռուսաստանը զորքեր կմտցնի Ուկրաինայի արևելք:

Ընդ որում, փորձագետները նկատում են, որ Դաշնության խորհրդի այսօրվա որոշումը մեծ հաշվով ոչինչ չի նշանակում, որովհետև, օրինակ, 2008 թվականին, երբ Ռուսաստանը զորք էր մտցրել Վրաստանի տարածք, Դաշնության խորհուրդ թույլտվության համար այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը չէր դիմել:

Իրականում փաստը, որ Պուտինը նման առաջարկով դիմել է սենատորներին, խոսում է միայն այն մասին, որ Մոսկվան իսկապես վախեցել է Արևմուտքի նոր պատժամիջոցներից, ասում է New Times-ի գլխավոր խմբագիր Եվգենյա Ալբացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG