Մատչելիության հղումներ

Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր դեռ չի ստանա


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսեն, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսեն, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագրի փոխարեն Վրաստանին կառաջարկվի հիմնարար միջոցառումների փաթեթ։

Հյուսիսատլանտյան դաշինքը վերջնականապես հստակեցնում է իր դիրքորոշումը Վրաստանի հանդեպ` սեպտեմբերին մեկնարկող հերթական գագաթնաժողովից մոտ երեք ամիս առաջ հայտարարելով, որ այս անգամ էլ Թբիլիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր չի ստանա:

Բրյուսելում մեկնարկած դաշինքի անդամ պետությունների նախարարական համաժողովի ընթացքում կայացված այս որոշման մասին այսօր հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

«Մենք համաձայնության եկանք, ըստ որի Վրաստանի հետ զարգացնելու ենք հիմնարար [միջոցառումների] մի փաթեթ, որն էլ իր հերթին հնարավորություն կտա այդ երկրին սերտացնել կապերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Առաջիկա շաբաթներին կհստակեցվեն նաև այդ փաթեթի կոնկրետ մանրամասները»,- հայտարարեց Ռասմուսենը:

Այն, որ Վրաստանին այս անգամ էլ Անդամակցության գործողությունների ծրագիր (MAP) չի առաջարկվի, պարզ դարձավ դեռ շաբաթասկզբին, երբ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց.- «Եթե ազնվորեն խոսենք, ապա ինձ հետ շփված վրաց նախարարներից և ոչ մեկը չի հայտարարել, որ Վրաստանը այս պահին պատրաստ է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Ավելին, ես կարծում եմ, որ Վրաստանը կարող է պատրաստվել ՆԱՏՕ-ին անդամակցությանն առանց գործողությունների ծրագրի: Ամենամյա ազգային ծրագիրն ու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի գործունեությունը միանգամայն բավարար են, որպեսզի ձեր երկիրը նախապատրաստվի դաշինքին անդամակցելուն»։

ՆԱՏՕ-ի պաշտոնյայի այս մոտեցումների հետ համակարծիք է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

«Ապաթուրայը միանգամայն ճիշտ է, երբ ասում է, որ Վրաստանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ի կառույցներին ամբողջական ինտեգրմանը: Մեզանից դեռ մի քանի տարի կպահանջվի, որպեսզի երկրի քաղաքական համակարգը, պաշտպանունակությունը, անվտանգության մակարդակը լիովին համապատասխանեն Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին»,- ասել է Ալասանիան:

Այսօրվա բրյուսելյան հավաքին մասնակցող Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն էլ վրացական հեռուստաընկերությունների լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Թբիլիսիի համար սկզբունքայինը Ուելսում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում մեկ քայլ առաջ շարժվելն է:

«Սա փաստորեն նախարարների վերջին հավաքն է Ուելսում նախատեսված գագաթնաժողովից առաջ: Հիմնական ուղերձը, որ ես հղեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հետևյալն էր՝ Վրաստանի առաջընթացը պետք է դաշինքը կողմից ընդգծվի ոչ միայն հռչակագրերի, այլև գործնական քայլերի տեսքով»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG