Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը այցելել է ԼՂ ՊԲ առաջապահ դիրքեր


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:

Նա հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության և կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են և Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը և հոգեբանական վիճակը, ինչպես նաև գոհունակություն է հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից և սնունդից:

«Ծառայությունն այս վտանգավոր մարտական դիրքում, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիպուկահարներն են, մեծ զգուշություն և զգոնություն է պահանջում զինվորներից: Համոզված եղեք, որ մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ մշտական ուշադրությունը, ուսուցողական աշխատանքը, վստահության ձևավորումը շարունակական են լինելու», - ասել է Աբրահամյանը՝ կարևորելով պետական բարձրաստիճան այրերի պարբերական այցերը մարտական դիրքեր: «Զինվորը պետք է հասկանա, որ իր թիկունքում կա պետություն, կա ժողովուրդ, ով գնահատում է իր ծառայությունը, ազգանվեր գործը», - նշել է նա:

Այնուհետև Հայաստանի վարչապետն այցելել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի N զորամաս, զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական և կենցաղային պայմաններին:

«Բոլորդ պետք է հասկանաք, որ Հայաստանի անվտանգությունն սկսվում է Արցախի անվտանգությունից: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Համոզված եղեք՝ մենք ձեր կողքին ենք լինելու և բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը», - հայտարարել է, մասնավորապես, Աբրահամյանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պաշտպանական դիրքեր այցելությամբ ավարտվել է վարչապետի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG