Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությանը երեկ իր նստավայրում ընդունել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աբրահամյանը նախ առանձնազրույց է ունեցել Սահակյանի հետ, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը Հայաստանի կառավարական պատվիրակության անդամների հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղարաբաղի միջև բազմաբնույթ համագործակցության ընթացքը և խորացման հեռանկարները:

Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի վարչապետի և Կառավարության անդամների հետ քննարկումների արդյունքներից՝ տեղեկացնելով, որ արծարծվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

«Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կանի առավելագույնը՝ Արցախի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն ապահովելու համար», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Երկուստեք ընդգծվել է համագործակցության և կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարևորագույն նախապայման:

Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը և Բակո Սահակյանը շրջայց են կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ղարաբաղ աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին ամփոփելով հանդիպումների և քննարկումների արդյունքները՝ Հայաստանի վարչապետը լրագրողներին մասնավորապես ասել է․ - «Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է բոլոր ոլորտներում Արցախի հզորացման համար: Դա մեզ համար առաջնահերթություն պետք է լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG