Մատչելիության հղումներ

logo-print

Կպրոպագանդվեն հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նոր գործընթացները


Տեսարան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից

Տեսարան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից

Եվրասիական միության կազմակերպիչները աշխատանքներ են տանում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նոր գործընթացները պրոպագանդելու ուղղությամբ:

Երեքշաբթի օրը Աստանայում հանդիպել են ԱՊՀ-ի երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարները՝ ԱՊՀ-ի ինֆորմխորհրդի համաժողով է անցկացվել: Այդ կառույցի նախագահը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի ղեկավար Սերգեյ Միխայլովն է: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունների ղեկավարները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը ընդգծվել է ԱՊՀ-ի երկրների ինտեգրացիոն գործընթացները լուսաբանելու ժամանակ համագործակցության կարևորությունը, նշվել է, որ անհրաժեշտ է համապարփակ լուսաբանել Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու գործընթացը, որի կազմում ընդգրկվել են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, և պլանավորվում է Հայաստանի ու Ղրղըզստանի անդամակցությունը:

Ընդհանուր առմամբ, քննարկվել են ԱՊՀ-ի պետական լրատվական գործակալությունների համագործակցության, գործընկերության, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը լուսաբանելու հարցերը: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները հավանություն են տվել համատեղ ֆոտոցուցահանդեսներ բացելու առաջարկին՝ նվիրված ֆաշիզմի դեմ հաղթանակին:

Ելույթ ունեցողները նշել են, որ ԱՊՀ-ի համագործակցության տեղեկատվական ընդհանուր տարածքի ամրապնդման ու զարգացման համար կարևոր է համատեղ ծրագրերի իրականացումը: Նրանք առանցքային հարցերից են համարել փորձի փոխանակումը, նոր մեդիատեխնոլոգիաների օգտագործումը: Հատուկ ուշադրություն է դարձվել ճգնաժամային իրավիճակները լուսաբանող լրագրողների անվտանգության ապահովմանը, երբ մասնագիտական գործունեության ժամանակ ռիսկի է ենթարկվում նրանց կյանքը, և նշվել է, որ այս թեմայի հրատապությունը հաստատում են Ուկրաինայի վերջին ամիսների իրադարձությունները, ինչպես նաև իրավիճակը աշխարհի տարբեր վայրերում, ուր լրագրողներն ամենօրյա վտանգի տակ են:

Ղազախստանի նախագահի աշխատակազմը ընդունել է ինֆորմխորհրդի անդամներին:

Որոշվել է հաջորդ նիստը անցկացնել Հայաստանում՝ այս տարվա աշնանը:

XS
SM
MD
LG