Մատչելիության հղումներ

Վախճանվել է ՄԱԿ-ի` Հայոց ցեղասպանությունը հաստատող զեկույցի հեղինակը


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Այս ամսվա սկզբին Լոնդոնում կյանքի 79-րդ տարում իր մահկանացուն է կնքել Բենջամին Ուայթեյքերը՝ ՄԱԿ-ի՝ հայոց զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն որակող զեկույցի հեղինակը: Աշխարհը կորցրեց մեծ մարդասերի և ազգային փոքրամասնությունների իրավունքների ջատագովի:

Ինձ բախտ է վիճակվել մի քանի տարի շարունակ սերտորեն գործակցել պարոն Ուայթեյքերի հետ Ժնևում, որտեղ նա որպես բրիտանացի փորձագետ ծառայում էր ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում, իսկ ես ներկայացնում էի Բնիկ ժողովուրդների միջազգային ասոցիացիան` կարմրամորթների մի հասարակական կազմակերպություն:

Պարոն Ուայթեյքերը ակտիվիստ իրավաբան էր, որը 1966 թվականին բրիտանական պառլամենտում ընտրվել էր Լոնդոնի հյուսիսից: 1971 թվականին նա դարձել էր Ազգային փոքրամասնությունների խմբի գործադիր տնօրեն, հրատարակել տասնյակ ուսումնասիրություններ համաշխարհային փոքրամասնությունների մասին, այդ թվում՝ հայերի:

1975 թվականին պարոն Ուայթեյքերը որպես բրիտանական փորձագետ նշանակվեց ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում` ՄԱԿ-ի մի ուսումնասիրության մեջ Հայոց ցեղասպանության հիշատակման վերաբերյալ սաստիկ վեճերի բուռն շրջանում: Նախնական ուսումնասիրության հեղինակը` Ռուանդայի հատուկ զեկուցող Նիկոդեմ Ռուհաշիանկիկոն, ճնշման էր ենթարկվել Թուրքիայի կողմից, որպեսզի ջնջի Հայոց ցեղասպանության հիշատակումը:

Թուրքական ճնշումներին հակազդելու համար մի խումբ հայեր, որոնց թվում էր նաև տողերիս հեղինակը, 1978 թվականին հաջողեցին խափանել զեկույցը ՄԱԿ-ի ենթահանձնաժողովում, այն բանից հետո, երբ հանվել էր Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը: Այն ժամանակ ես հարցրեցի պարոն Ուայթեյքերին՝ արդյոք նա կցանկանա՞ դառնալ հատուկ զեկուցող` Ռուհաշիանկիկոյի ընդհատված զեկույցը շարունակելու համար: Պարոն Ուայթեյքերը տվեց իր համաձայնությունը պայմանով, որ ինքը չի փորձելու որևէ քվե հավաքել իր նշանակման համար:

Հաշվի առնելով նրա անբասիր համբավը որպես մարդու իրավունքների պաշտպանի, Ենթահանձնաժողովի անդամների ջախջախիչ մեծամասնությունը պարոն Ուայթեյքերին կողմ քվեարկեց որպես նոր հատուկ զեկուցողի, օժտելով նրան` «ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և պատժի մասին հարցի վերաբերյալ վերանայված և թարմացված զեկույց» նախապատրաստելու մանդատով: Միակ դժգոհողը Թուրքիայի պատվիրակն էր, որը գիտեր, որ Ռուհաշիանկիկոյի հանդեպ իր կառավարության կիրառած ահաբեկման մարտավարությունը չի գործելու պարոն Ուայթեյքերի դեպքում:

1985 թվականի օգոստոսին պարոն Ուայթեյքերը ՄԱԿ-ի ենթահանձնաժողովին ներկայացրեց վերանայված և թարմացված զեկույցը՝ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես ցեղասպանության օրինակ 20-րդ դարում: Երկար քննարկումներից հետո Թուրքիային չհաջողվեց ճնշում գործադրել Ենթահանձնաժողովի վրա՝ ջնջելու Հայոց ցեղասպանության հիշատակումը: Քվեների տասնչորս կողմ, մեկ դեմ և չորս ձեռնպահ հարաբերակցությամբ Ենթահանձնաժողովը ընդունեց զեկույցը, դրանով իսկ հաստատելով, որ Հայոց ցեղասպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի՝ ցեղասպանության չափանիշներին:

Այդ ժամանակից ի վեր թուրք ժխտողականները հաճախ փորձել են ակնհայտ կեղծիք տարածել, թե իբր ոչ նման քվեարկություն է եղել, ոչ էլ ՄԱԿ-ի զեկույց․․․ Նրանք նույնիսկ պնդում են, թե ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը 2000 թվականին ասել է թուրքական խմբերին, որ ՄԱԿ-ը «երբեք չի վավերացրել և չի պաշտպանել մի զեկույց, որով հայկական իրադարձությունը ներկայացվում է որպես «ցեղասպանություն»»: Ես ինքս դիմեցի պարոն Հաքին, և նա ասաց, որ տեղյակ է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմնի կողմից ընդունված զեկույցի մասին, որը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը: Նա պարզապես ասել էր թուրքական խմբերին, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի զբաղվել Հայոց ցեղասպանության հարցով:

Ցավոք, հայերի կողմից շատ քիչ բան է արվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ՄԱԿ-ի այս խիստ կարևոր զեկույցի բացահայտման համար: Շատ զարմանալի է, որ 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Քոչարյանը կոչ արեց ՄԱԿ-ին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախագահի օգնականները չէին տեղեկացրել նրան ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի 1985 թվականի զեկույցի մասին․․․

ՄԱԿ-ում միասին աշխատած տարիներից հետո մի քանի անգամ մեծ հաճույքով հանդիպել եմ պարոն Ուայթեյքերի հետ: 1980-ականների վերջերին մենք միասին հրավիրված էինք Արգենտինա տեղի Հայ դատի հանձնախմբի կողմից` ՄԱԿ-ի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք դասախոսություններ կարդալու համար: 2009 թվականին պարոն Ուայթեյքերը սիրով մասնակցեց Հայոց ցեղասպանության մասին իմ ելույթին բրիտանական պառլամենտում և շատ ջերմ արտահայտվեց ՄԱԿ-ում մեր նախկին համագործակցության մասին:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայկական համայնքները պետք է հարգանքի տուրք մատուցեն պարոն Ուայթեյքերին, քանի որ 2015 թվականը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է, այլև ՄԱԿ-ի ցեղասպանության զեկույցի ընդունման 30-ամյակը:

ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի երեք այլ անդամներ, որոնք չափազանց մեծ աջակցություն ցուցաբերեցին ցեղասպանության զեկույցի ընդունման ժամանակ, դեռ ողջ են. Արգենտինայից Լեանդրո Դեսփույը, Ֆրանսիայից Լուի Ժուանեն և տիկին Էրիկա Դայեսը Հունաստանից: Դեսփույն արդեն պարգևատրվել է Հայաստանի նախագահի կողմից: Ժուանեն և Դայեսը ևս արժանի են նման գնահատականի Հայաստանի և Սփյուռքի կողմից:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG