Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Մագնուս Կարլսենին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին և աշխարհի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն գրոսմայստեր Լևոն Արոնյանին։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հետ միասին հյուրընկալել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»-ի նույն ծրագրի շրջանակներում ժամանած՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մի շարք ընկերությունների՝ «Պարալելս», «Ակրոնիս» ընկերությունների և «Սկոլկովո» հիմնադրամի ղեկավարներին: Հիմնադրամը նույն ծրագրի ներքո համատեղել է շախմատը և տեղեկատվական տեխնոլոգիաները՝ նկատի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ զգալի հաջողություններ արձանագրած այդ ոլորտներին մեծ նշանակություն է տրվում:

Նախագահն ընդգծել է, որ մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել աշխարհի հզորագույն շախմատիստ Մագնուս Կառլսենին:

«Ուրախ եմ, որ այստեղ է նաև Լևոն Արոնյանը: Նա մեր ժողովրդի պարծանքն է, և կարծում եմ՝ շախմատում Մագնուսի ամենաուժեղ հակառակորդը: Մենք, անշուշտ, մեծ հույսեր ենք կապում Լևոնի հետ, և առաջին հերթին նաև նրա շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկրից ընտրված թիմը երեք անգամ դարձել է շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն: Շնորհակալ եմ նրան անչափ: Իհարկե, ուրախ եմ նաև, որ այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր մեծ հաջողությունների են հասել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Կարծում եմ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն այս նախաձեռնությամբ հերթական անգամ ճիշտ կետին է ուղղել իր հայացքը, ինչը ողջունելի է», - ասել է Սարգսյանը:

Կարլսենը ևս մեծ պատիվ է համարել իր բնորոշմամբ՝ շախմատային մեծ պետությունում՝ հիասքանչ Հայաստանում գտնվելը: «Այս մի քանի օրվա ընթացքում, ինչ ես այստեղ եմ՝ Հայաստանում, տեսա այն սերը և խանդավառությունը, որ հայ ժողովուրդը տածում է շախմատի հանդեպ: Կարծում եմ, որ Հայաստանը այսպիսի մոտեցմամբ և հատկապես շախմատը դպրոցական ծրագրի մաս դարձնելով հրաշալի օրինակ է ծառայում ամբողջ աշխարհին: Դա շատ մեծ քայլ է», - ասել է շախմատի աշխարհի չեմպիոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG