Մատչելիության հղումներ

Դեմոյանը չի պատկերացնում Միկոյանի արձանը Երևանի կենտրոնում


Անաստաս Միկոյանը Խորհրդային Հայաստանում

Անաստաս Միկոյանը Խորհրդային Հայաստանում

Երևանի ավագանին այսօրվա նիստից հետո գնաց արձակուրդի այդպես էլ չհստակեցնելով՝ պատրաստ է արդյոք նորից քննարկման առարկա դարձնել բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը։

Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սպասում է նոր փաստերի, որոնք կապացուցեն Միկոյանի ոճրագործությունները, ավագանու հանրապետական անդամ Հայկ Դեմոյանը շարունակում է պնդել, որ դրանք կան, իսկ այսօրվա նիստին չներկայացնելու պատճառն, ըստ պատմաբանի, տեխնիկական է։

«Այդ փաստերը կան, այդ փաստերը նորահայտ են, այդ փաստերն ինչպես և խոստացվել էր, պետք է պարտադիր տրամադրվեն մեր գործընկերների ուշադրությանը։ Ես այն, ինչ ասում եմ, խոսք եմ տալիս, երբեք չեմ մոռանում։ Ուղղակի օրակարգում դա չի ընդգրկված, որովհետև հաջորդ օղակը, որը պետք է քննարկի այդ հարցը, կառավարությունն է, որովհետև որոշումից հետո այն ներկայացվել է կառավարությանը»,- ասաց Դեմոյանը։

Հարցին, թե արդյոք մտավախություն չկա՞, որ փաստերը պարզապես կուշանան, և արձանն արդեն տեղադրված կլինի, Դեմոյանը պատասխանեց.- «Ես չեմ պատկերացնում Անաստաս Միկոյանի արձանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնական փողոցում»։

«Ազատության» դիտարկմանը, թե հնարավո՞ր է ավագանիում մեծամասնությունը Միկոյանի արձանը Երևանում պատկերացնի և հանկարծ նոր փաստերն ուշանան, Դեմոյանն այսպես արձագանքեց.- «Ես խոսեցի իմ անունից, դրա համար շեշտեցի, ես չեմ պատկերացնում»։

Իսկ քանի դեռ չկան նոր փաստեր, ավագանին հրաժարվում է հարցը ներառել օրակարգում։

Արձանի տեղադրմանը դեմ քվեարկած «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը, սակայն, կարծում է, որ այդ խնդիրն արծարծելու հնարավորություններ լինում են. մասնավորապես այսօր, երբ ավագանին քննարկում էր մարշալ Համազասպ Բաբաջանյանի հուշատախտակի տեղադրման հարցը, նորից հիշեցին Անաստաս Միկոյանին։ «Բարև Երևան» դաշինքը առաջարկեց հանրային քննարկման արդյունքում որոշում կայացնել խորհրդային տարիները հիշեցնող մարդկանց կիսանդրիները, հուշատախտակները տեղադրելիս։ Այս առաջարկը հարուցեց հանրապետականներին վրդովմունքը։

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն ասաց, որ անգամ ամաչում է, երբ նման բան է լսում։

«Չի կարելի այդպիսի բան անել, եկեք մեծարենք մեր արժեքներին, եկեք տեր կանգնենք մեր հերոսներին, մարդիկ Ռամիլ Սաֆարովին տարան դրեցին, չգիտեմ, դափնիներով զարդարեցին, մենք մեր հերոսներին ուզում ենք անպայմանորեն ստորացնել»,-ասաց Գևորգյանը։

«Բարև Երևան»-ը հրաժարվեց մասնակցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի հուշատախտակի տեղադրման քվեարկությանը, ինչին քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս կերպ արձագանքեց.- «Չենք էլ ակնկալում ձեր քվեարկությանը»։

«Ազատության» հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ անկախ այն բանից, թե ինչ նպատակ է հետապնդում ավագանու մեծամասնությունը խորհրդային անցյալի հուշերը վերականգնելով, հանրությունը չի հանդուրժի պատմության այդ մութ էջերը խորհրդանշող մարդու՝ Անաստաս Միկոյանի բրոնզե ներկայությունը Երևանի սրտում:

Առաջիկա օրերին Սաֆարյանը նաև պատրաստվում է առաջարկով դիմել ստալինյան բռնաճնշումների զոհերի ժառանգներին։

«Քանի որ մյուս կողմը կա՛մ հերքում է, որ նման բաներ եղել են, և դրանք կապված են Միկոյանի հետ, կա՛մ ուղղակի նրան ներկայացնում է որպես համակարգի զոհ, ես առաջարկում եմ, հիմք ընդունելով Ռուսաստանի դատարանի որոշումը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Կատինի դեպքերի կապակցությամբ, ուղղակի դիմել դատարան և իրավահաջորդներից պահանջել փոխհատուցում։ Ես կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ այնքան դրամական կամ որևէ այլ փոխհատուցում ստանալուն է վերաբերում, այլ պարզապես Հայաստանի դատական համակարգով արձանագրել և հիմք ընդունել այն դատական որոշումները, որոնք արդեն իսկ գնահատական են տվել Միկոյանի ոճրագործություններին կամ նրա մասնակցությանը այդ ոճրագործություններին և, հետևաբար, այդ իրավական գնահատականները ևս հիմք կհանդիսանան թույլ չտալու արձանի տեղադրումը»,- ասաց Սաֆարյանը։

XS
SM
MD
LG