Մատչելիության հղումներ

logo-print

ԲՀԿ-ի ներկայացուցիչը հնարավոր է համարում Ռոբերտ Քոչարյան - քառյակ համագործակցությունը


«Ազատության» հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համոզմունք հայտնեց, թե Ռոբերտ Քոչարյան - քառյակ համագործակցությունը հնարավոր է:

«Ողջունում եմ և շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատև կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ և ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է», - ասաց Մարգարյանը` հավելելով, որ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորություն տեսնում է. - «Բայց սա արդեն ապագայի խնդիր է: Ես կարծում եմ, ով կիսում է քառյակի մոտեցումները, քառյակի նշած խնդիրները և դրանք լուծելուն ուղղված ջանքերը, բոլորի հետ պետք է համագործակցել»:

Անդրադառնալով հնչող այն տեսակետներին, թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ցույց է տալիս, որ նա ազդեցություն ունի քաղաքական գործընթացների, այդ թվում քառյակի վրա` Մարգարյանը հավաստիացրեց, որ այս պահին «Քոչարյանը քառյակի հետ հարաբերություններ չունի»: Դիտարկմանը, թե շատերը պատահական չեն համարում, որ երկրորդ նախագահի և քառյակի մոտեցումները համընկնում են, պատգամավորն արձագանքեց. - «Դա նշանակում է մի բան` քառյակը ճիշտ ուղու վրա է, ճիշտ է մատնանշել այն խնդիրները, որոնց մասին խոսում են բոլորը և այդ թվում նաև Քոչարյանը»:

ԲՀԿ-ի ներկայացուցիչը չի կիսում Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչող քննադատությունը, թե նա իրավունք չունի խոսելու, քանի որ բոլորը հիշում են իր պաշտոնավարման տարիներին կնքված կասկածելի գործարքներն ու կոռուպցիայի մակարդակը. - «Ես համաձայն չեմ, որ ոչ թափանցիկ գործարքներ են եղել այն ժամանակ: Եթե ինչ-որ ժամանակ նույնիսկ ինչ-որ բան տեղի ունեցած լինի, կարծում եմ, երկիրը դատապարտված չէ կրկնելու նույնը, չէ՞: Ես կարծում եմ, որ եթե Քոչարյանը խոսում է այդ մասին, ուրեմն ինքը վստահ է, որ իր ժամանակ համենայն դեպս այդ աստիճան չի եղել»:

Հայ ազգային կոնգրեսի մոտեցումները Ռոբերտ Քոչարյանի հարցում կտրուկ տարբերվում են: ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին ընդհանրապես քաղաքական գործիչ չի համարում. - «Շատ շուտվանից ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի»:

Մանուկյանը նշեց, որ խոսում է իր անունից, բայց հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսում այդ տեսակետը գերիշխող է:

Երեկ, հիշեցնենք, yerkir.am-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր ոչ իշխանական ուժերի պահանջներին` ըստ էության պաշտպանելով դրանք: Մասնավորապես, խոսելով «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքի մասին` նա ասել էր, թե այդ գործարքի անօրինականությունն այնքան մեծ է, որ դրան առնչություն ունեցող անձինք վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու: Ռոբերտ Քոչարյանը հորդորել է վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքից:

Արամ Մանուկյանի համոզմամբ ևս «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքը պետք է չեղյալ հայտարարել, քանի որ նրա ձևակեպմամբ` այդ գործարքը և' իրավական, և' տնտեսական առումով հանցագործություն է պետության նկատմամբ:

Մանուկյանը, սակայն, հավելեց. - «Եթե գողերը գողություն են խոսում, եթե անբարոյականները անբարոյականությունից են խոսում, դա չի նշանակում, թե դրանով իրենք մաքրվում են»:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, մինչդեռ, նշում է, թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները ցույց են տալիս, որ նա այսօր ուղղակիորեն կապ ունի ներկայիս քաղաքական գործընթացների հետ: Նրա համոզմամբ` քառյակը հրապարակայնորեն պետք է հավաստիացնի, որ ոչ միայն կապ չունի, այլև մերժում է Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը քաղաքական գործընթացներին. - «Եթե քառյակը գիտակցում է, որ Ռոբերտ Քոչարյանը ավելի է նվազեցնում իրենց հանդեպ հանրային վստահությունը, նա պարտավոր է ուղղակի արձագանքել և հեռավորություն վերցնել Ռոբերտ Քոչարյանից: Եթե նա չի արձագանքում, ապա թերևս ինձ մնում է նույնպես ենթադրել, որ գործողությունները սինխրոնացված, համակարգված, պայմանավորված են և, այո, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա միջև գոյություն ունի տեսանելի փոխկապվածություն` աշխատելու նույն ուղղությամբ»:

Անդրադառնալով իշխանությունների հասցեին հնչեցրած Քոչարյանի սուր գնահատականներին, որտեղ նա խոսում է կոռուպցիայի և պաշտոնյաների անկշտության մասին` Ստեփան Սաֆարյանը հակադարձեց, թե ժողովուրդը չի մոռացել Քոչարյանի պաշտոնավարման տարիները և այդ ընթացքում իրականացված կասկածելի գործարքները. - «Փորձում է ապօրինություններին գնահատական տալ մի մարդ, ով ինքը հիրավի կարող է հավակնել հանրապետության ապօրինությունների հիմնադրի կամ հիմնադիրներից մեկի տիտղոսին: Վերջապես, կարծում եմ, անբարոյական է, որ քաղաքականություն է ուզում վերադառնալ մի մարդ, ով խեղդել է Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը աննախադեպ բռնություններով, և որի գագաթնակետը թերևս նրա կողմից արյան գնով հետընտրական գործընթացները խեղդելն էր»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG