Մատչելիության հղումներ

Նորագավիթցիներին չի հաջողվում պարզել, թե ով է քանդում իրենց այգիները


Երևանի Նորագավիթ թաղամասի բնակիչներն արդեն քանի օր է չեն կարողանում պարզել, թե ում թույլտվությամբ է ինչ-որ մեկը ներխուժել իրենց այգիներ ու ծանր տեխնիկայով փորձում է հողին հավասարեցնել դրանք՝ ջրատար խողովակները հանելու համար։ Որևէ գերատեսչություն նրանց հստակ պատասխան չի տալիս։ Նրանք կասկածում են, որ այս կերպ իրենց փորձում են զրկել իրենց այգիների համար տրվելիք փոխհատուցումից։

Նորագավթի բնակիչ Ռազմիկ Մանուկյանը «Ազատության»-ը պատմեց. - «Եկավ մեզ [ասաց]. էս տարածքի տրուբաները ես գնել եմ: Ես Լոռու մարզի Նալբանդ գյուղի բնակիչ եմ, հիդրոկայան եմ կառուցում: Էս տրուբաները ես կառավարությունից, պետությունից, չէր ասում անհատից, կառավարությունից գնել եմ, որպեսզի տանեմ այնտեղ, հիդրոկայանը կառուցեմ և շահագործման հանձնեմ»:

Մանուկյանը հարևանների հետ դուրս է եկել տրակտորին ընդառաջ՝ թույլ չտալու քանդել այգիները, արմատախիլ անել բերքատու ծառերը։ Հարևաններից մեկի այգին փրկել, դժբախտաբար, չի հաջողվել։

Մեր այցելության պահին տարածքում շինարարներ չկային, տեխնիկան թողել ու, ինչպես բնակիչները պնդեցին` լրագրողներից վախենալով փախել են։

Արտաշատի խճուղու երկայնքով ձգվող տարածքը կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա տարածք. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համար այս հատվածում նախատեսվում է լայնացնել փողոցը։ Փողոցը լայնացվելու է դրա երկարությամբ ձգվող այգիների հաշվին։ Բնակիչները թեև չեն համարվում այգետերեր, բայց հաշվի առնելով, որ նրանք տասնամյակներ շարունակ մշակել են այդ այգիները, Ասիական զարգացման բանկը, որի տրամադրած վարկային միջոցներով է կառուցվում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, համաձայնել է փոխհատուցել նրանց կորուստը։

Այգետերերից Ռազմիկ Մանուկյանը ցույց է տալիս բանկի ներկայացուցիչների հետ կազմած իր այգու գույքի հաշվառման թերթիկը՝ հատուկ շեշտելով, որ նրանք զգուշացրել են, որ փոխհատուցումը տրամադրվելու է ըստ այգում առկա ծառերի քանակի:

Մինչ նորագավիթցիները փորձում են պարզել, թե ում հրահանգով և ով է քանդում այգիները, Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն «Ազատության» հարցմանն ի պատասխան նշեց, որ տարածքում ջրամատակարար ընկերություններից որևէ մեկը, ենթադրաբար «Երևան Ջուր»-ը քաղաքը սնուցող ջրախողովակներն է նորացնում։ «Երևան Ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը, սակայն, հերքեց դա. - «Հաստատ կարող եմ մեկ բան ասել`«Երևան Ջուր»-ը այդ ամենի հետ ոչ մի առնչություն չունի»:

Քաղաքապետարան ներկայացուցչի պնդումները հերքեցին նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի միանգամից երկու՝ ոռոգման ու ջրամատակարարման համակարգերը սպասարկող վարչությունները: Իր մասնակցությունը հերքեց նաև շրջակա գյուղերը սպասարկող «Հայջրմուղ» ընկերությունը։ Ասիական զարգացման բանկից ևս նշեցին, թե կատարվող շինարարությունից տեղյակ չեն։

Նորագավիթցիները դժվարությամբ են համաձայնել զրկվել կանաչապատ այս հատվածից: Վրեժ Կարապետյանն այս տարածքում փոքր արտադրամաս ունի։ Բանկերից մեկից 7 միլիոն դրամ վարկ է վերցրել բիզնեսը զարգացնելու համար։ Հյուսիս-Հարավի համար հանրային գերակա տարածք է ճանաչվել արտադրամասի տարածքի մեծ մասը։ Խոստացել են 4 միլիոն դրամ վճարել, բայց Վրեժը պնդում է, որ դա բավարար չէ բիզնեսի զարգացման համար բանկից վերցրած 7 միլիոն դրամ վարկի մարման համար. - «Կորցնում եմ բիզնեսը, բիզնեսի հետ միասին կորցնում եմ բնակարանս, որը գրավ է դրված բանկում»:

Բնապահպան Սիլվա Ադամյանը բազմիցս քննադատել է Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացման ընթացքը։ Ասում է, որ այս խճճված պատմության նպատակը մարդկանց այգիներից զրկելն է առանց փոխհատուցման. - «Այդ կազմակերպությունը ինչ-որ մեկի կողմից ուղարկված է, որ հենց տեղում քոքահան անեն ծառերը, հետագայում այդտեղ ծառ չլինի, ու բանկը ստիպված չլինի այդ ծառերի դիմաց բնակչությանը վճարել»:

Ասիական զարգացման բանկից «Ազատության»-ը փոխանցեցին, որ հուլիս ամսին կսկսեն փոխհատուցել բնակիչներին այգում եղած ծառերի թվաքանակով, մշակաբույսերի ծավալով։ Փոխհատուցման չափից բնակիչներն առայժմ տեղյակ չեն:

XS
SM
MD
LG