Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն․ «Կարգ պահպանելը քաղաքացիներին ծեծելը չէ»


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ

Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին, այսօր հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Օմբուդսմենը իր տարածած հայտարարությունում անհանգստություն է հայտնում նախօրեին Երևանի Սարյան փողոցում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիներին նկատմամբ ոստիկանության ցուցաբերած վերաբերմունքի կապակցությամբ՝ ընդգծելով, որ «պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին»: Հետևաբար, Անդրեասյանը համարժեք քայլեր է ակնկալում հավաքի մասնակիցների վրա անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկանների նկատմամբ:

Միաժամանակ, մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ հավաքի որոշ մասնակիցներ ևս անթույլատրելի վարքագիծ են դրսևորել․ - «Որոշ լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրանցից ոմանք կոպիտ կերպով վիրավորում կամ հրում ոստիկաններին»։

«Մարդու իրավունքի իրացումը չի ենթադրում ամենաթողություն, հակաիրավական պահվածք և անհարգալից վերաբերմունք իրավապահների հանդեպ», - շեշտում է օմբուդսմենը՝ հավելելով, որ տեղի ունեցածին ամբողջական գնահատական կտա ոստիկանության կողմից ըստ օրենքի անհրաժեշտ պաշտոնական պարզաբանումներ ստանալուց հետո։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG