Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանում տեղի է ունեցել լեգենդար զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը:

Կալաշնիկովի 2 մետր 87 սանտիմետրանոց քարե արձանն այսպիսի տեսք է ունենալու՝ Կալաշնիկովի ձեռքերի ափերում՝ աղավնի, իսկ արձանի պատվանդանին՝ ավտոմատ, հարթակի դիմաց՝ երկրագունդ, որը, ըստ հեղինակների, կարտահայտի զինագործի համաշխարհային ճանաչումը:

Ռուսական ռազմակայանում Կալաշնիկովի արձանը տեղադրելու՝ հրամանատարության նախաձեռնությանը օժանդակում է ռուսական «Սլավյանկա» շինարարական կազմակերպությունը:

Զինված ուժերի պահեստազորի սպաների միության ազգային ընկերակցության նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Յուրի Կլյոնովը Գյումրիում «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Կալաշնիկովի արձանը տեղադրելու գաղափարի հեղինակը պետերբուրգցի բարերար և հասարակական գործիչ, պահեստազորի մայոր Հրաչյա Պողոսյանն է, ով Հայաստան էր այցելել մի խումբ վետերանների հետ, որոնք անձամբ ճանաչում էին հանրահայտ զինագործին:

Պաշտոնաթող գնդապետը «Ինտերֆաքս»-ին պատմել է, որ Կալաշնիկովին շատ բան էր կապում Պետերբուրգի հետ։ Ռժևսկի հրաձգարանում փորձարկվել են նրա կատարելագործված ավտոմատները։ Նա բարեկամական կապեր է ունեցել վիրաբույժ, ակադեմիկոս Ֆյոդոր Ուգլովի հետ: Կալաշնիկովն օժանադակել է զրահապաշտպանական և հատուկ նյութերի գիտաարտադրական միավորման եզակի ցուցահանդեսի բացմանը, շատ բան է արել Ռազմապատմական թանգարանի ցուցանմուշները լրացնելու համար՝ այդտեղ պահվում են նրա նախագծած հրաձգային զենքի եզակի նմուշներ, անձնական իրեր:

Պահեստազորի գնդապետ Յուրի Կլյոնովը նշել է, որ Հրաչյա Պողոսյանը ինը հուշահամալիր է ստեղծել՝ նվիրված խորհրդային զոհված զինվորներին, իսկ Միխայիլ Կալաշնիկովի արձանը տեղադրելու հետ մեկտեղ՝ իր վրա է վերցրել նաև 102-րդ ռազմակայանի թանգարանը վերանորոգելու գործը, որտեղ ապագայում իրենց արժանի տեղը կունենան Պետերբուրգի թանգարանների նվերները:

Կալաշնիկովի արձանի հիմարկեքի արարողության ժամանակ պաշտոնաթող սպաների, վետերանների միության փոխնախագահ Յուրի Կլյոնովը ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարին՝ գնդապետ Անդրեյ Ռուզինսկուն դիպլոմ է հանձնել: Իսկ Հրաչյա Պողոսյանը հրամանատարին նվիրել է Նիկոլայ Կարամզինի «Ռուսական պետության պատմությունը» մեծածավալ գիրքը:

Հիշեցնենք՝ Միխայիլ Կալաշնիկովը մահացել է անցյալ տարի, 94 տարեկան հասակում։

Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի տարածքում Կալաշնիկովի արձանը տեղադրվելու է մինչև այս տարվա հոկտեմբերի վերջը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG