Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան գործը հարուցվել է դիտավորյալ սպանության հոդվածով


Արարատի զորամասերից մեկում հունիսի 20-ին մահացած ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել դիտավորյալ սպանության հոդվածով:

Թեև քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով, սակայն պաշտպանության նախարարության քիչ առաջ տարածած հաղորդակցության համաձայն, ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Կիրակոսյանը: Հաղորդագրության մեջ նշված է, թե Կիրակոսյանը ձերբակալվել է մեջբերում «դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞վ կամ քանի՞ հոգի է ձերբակալվել սպանությունը կատարելու համար, ՊՆ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մերի Սարգսյանն «Ազատությանն» ասաց՝ դեռ ոչ ոք չի ձերբակալվել, և ավելացրեց, որ նախաքննությունը շարունակվում է։

Առայժմ որևէ պաշտոնական բացատրություն չկա, թե ինչպես է ստացվում, որ քրեական գործը հարուցվում է դիտավորյալ սպանության հոդվածով, սակայն ձերբակալված անձը կասկածվում է դեպքի վայրը չպահպանելու և խեղաթյուրելու մեջ:

Առավել ուշագրավ է զինվորի մահվան իրավական որակումների փոփոխությունների հարցը: Զինվորի մահվան լուրը դեռ նոր էր տարածվել, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե պատճառը եղել է զենքի օգտագործման կանոնները խախտումը:

Սակայն հետո փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը զինվորի դիահերձմանը մասնակցելուց հետո պնդեց՝ առաջին իսկ հայացքից պարզ էր, որ զինվորի մահը սպանության հետևանք է: Ընդ որում, փորձագետի համոզմամբ, Գրիշա Խաչատրյանին նախ ծեծել են, հետո 2 անգամ կրակել գլխին:

«Բռնության հետքերը զինվորի մարմնի վրա ակնհայտ էին»,-ասաց փորձագետը։

Փորձագետը զենքի օգտագործման կանոնները խախտելու՝ պաշտպանության նախարարի հայտարարությանը պատահական չի համարում.- «Ես կարող եմ ասել՝ էդ պահին իրենք արդեն իմացել են՝ ով է սպանել և իրենք ուղղակի փորձում էին Սեյրան Օհանյանի գլխավորությամբ կոծկել սպանությունը։ Մենք պարզ չասացին՝ ով է անփույթ վարվել զենքի հետ՝ հանգուցյա՞լը, թե՞ մեկ այլ անձ։ Քննիչը չի գրում, թե ինչ համարի, ինչ տեսակի զենքով է սպանվել զինվորը և ում էր ամրակցված այդ զենքը։ Հիմա դրա վերաբերյալ կեղծ վարկածներ են հորինում»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս նախարարի հայտարարությունը սխալմունք չի համարում և բացատրություն է պահանջում նախարարից:

«Դատելով այդ օրվա ընթացքից՝ ձգձգելու և ինֆորմացիան չհաղորդելու, ես խորը կասկածներ ունեմ, որ միտումնավոր է արվել այս հայտարարությունը։ Իսկ եթե միտումնավոր չէ, նախարարը պարտավոր է պարզաբանում տալ և հայտարարել, թե ինչու և ինչ աղբյուրի հիման վրա է նման տեղեկատվություն տարածել»,- ասաց Ալեքսանյանը։

Ռուբեն Մարտիրոսյանը համոզված է, որ իր և լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը ստիպեց նախարարությանը վերաորակել քրեական գործը.- «Նրանք հասկացան, որ չեն կարող այդ կեղծիքները թաքցնել»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը անթույլատրելի է համարում բանակում խաղաղ պայմաններում զինվորներ մահվան դեպքերը՝ հատկապես հիմա, երբ լարված իրավիճակ է սահմանային գոտում, և մենք կորուստներ ենք ունենում հակառակորդի գնդակներից:

«Այս իրավիճակում այսպիսի դեպքերը պետք է խստորեն բացառվեին»,- ասաց իրավապաշտպանը։
XS
SM
MD
LG