Մատչելիության հղումներ

Եվրամիության ԱԳ նախարարները քննարկում են ուկրաինական ճգնաժամը


Ուկրաինայի արտգործնախարարի Լյուքսեմբուրգ բերած հիմնական ուղերձը Պորոշենկոյի խաղաղ ծրագրին աջակցելու կոչն է:

Այսօր Լյուքսեմբուրգում Եվրամիության 28 երկրների արտգործնախարարները, միության արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի նախագահությամբ քննարկել են արտաքին քաղաքական կարևոր խնդիրները, այդ թվում օրակարգի առաջին ու հիմնական հարցը` ուկրաինական ճգնաժամը: Հավաքին մասնակցել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը, ում հիմնական նպատակը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենոյի առաջարկած խաղաղության ծրագիրը ներկայացնելն էր:

«Եվրամիության բոլոր արտգործնախարարներն աջակցում են Պետրո Պորոշենկոյի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագրին, դիտարկում են այն որպես իրավիճակի հանդարտեցման հիմնական հնարավորություն և կոչ են անում բոլոր կողմերին` հարգել հրադադարն ու պայմաններ ստեղծել այս ծրագիրն իրագործելու համար»,- հայտարարել է Էշթոնը` հավելելով. - «Մենք, իհարկե, հատկապես Ռուսաստանին ենք կոչ անում աջակցել ծրագրին և օգտագործել իր ազդեցությունն անջատողականների վրա` երաշխավորելու համար խաղաղ ծրագրի իրագործումը»:

Բացի բռնությունը դադարեցնելու կոչերից, Էշթոնը նշել է, որ արտգործնախարարների խորհուրդը նաև կոնկրետ որոշումներ է ընդունել. առաջին հերթին իրենց չճանաչման քաղաքականությունն են իրագործելու, ինչը նշանակում է, որ չճանաչելով Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, իրենք այդ տարածաշրջանից ապրանքների մուտքը Եվրամիության տարածք թույլ չեն տա առանց Կիևի հաստատման:

Երկրորդը` Եվրամիությունը որոշել է երկու տարով Ուկրաինա ուղարկել «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության առաքելություն»` տեղում աջակցելու Ուկրաինայի քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխումներին, որոնք ներառում են ոստիկանական համակարգը:

«Եվ վերջապես այսօր արտգործնախարարները ավարտել են այն ողջ նախապատրաստական աշխատանքը, որը անհրաժեշտ է հունիսի 27-ին Ուկրաինայի եւ Եվրամիության ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածի ստորագրման համար», - հայտարարել է Քեթրին Էշթոնը` հավելելով , որ անհամբեր սպասում են այդ իրադարձությանը: - «Եվ իհարկե, արտգործնախարարները հիշեցրել են բոլորին, որ Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների սպառնալիքները այն երկրների նկատմամբ, որոնք ստորագրում են ասոցացման համաձայնագրերը, անիրավ են»:

Իր հերթին Ուկրաինայի արտգործնապարար Պավել Կլիմկինն ասել է, որ ներկայացնելով Պետրո Պորոշենկոյի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը, իր համար կարևոր էր ստանալ բոլոր նախարարների համակողմանի աջակցությունը և այդ աջակցությունը, որ ըստ էության Ուկրաինայի հետ համերաշխության խորհրդանիշն է, հստակորեն արտահայտվել է:

Հարցին, թե արդյոք կլինեն պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, հարցին Կլիմկինը պատասխանել է, որ իրավիճակի հանդարտեցումը այս օրերին իսկապես խիստ հրատապ է, ուստի բոլոր հնարավոր միջոցներով ճնշումը պահելու տարբերակը, որը քննարկման սեղանին է, կարևոր է:

«Բայց մենք հավատարիմ ենք, 100 տոկոսով հավատարիմ ենք մեր խաղաղ ջանքերին, մեր խաղաղ կարգավորման ծրագրին: Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որ այս խաղաղության ծրագիրը իրագործենք», - ասել է նա:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը նախ հայտարարել է, որ Պորոշենկոյի առաջարկած խաղաղության ծրագիրը շատ լավն է, և իրենք հույս ունեն, որ բոլորը` այդ թվում և Ռուսաստանը, այդ ծրագրով կաշխատեն, ու ծրագրին աջակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոստումն էլ խոսքերից գործի կվերածվի:

Խոսելով Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին՝ Հեյգը նշել է, որ Եվրամիությունը կարող է կիրառել հետագա պատժամիջոցները, ավելին՝ դրանք պատրաստ են, և այժմ իրենք սպասում են՝ տեսնելու համար, թե արդյոք Ռուսաստանը ինչպես է աջակցում առաջարկված խաղաղ ծրագրին:

Հեյգի խոսքով` մինչև ուրբաթ արդեն կերևա, թե ինչպես է Ռուսաստանն արձագանքում խաղաղ ծրագրին և ինչ արդյունք են տալիս հանդիպումները: «Սակայն Ռուսաստանն ու նախագահ Պուտինը թող չկասկածեն, որ Եվրամիությունը պատրաստ է այդ միջոցները ձեռնարկել: Մեծ աշխատանք է տարվել Ռուսաստանին նկատմամբ առավել ընդլայնված պատժամիջոցներ կիրառելու ուղղղությամբ: Մենք արդեն միջոցառումների մի ազդեցիկ շարք կիրառել ենք և պատրաստ ենք դրանք անհրաժեշտության դեպքում ավելացնել», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, իր հերթին, աջակցություն հայտնելով Պորոշենկոյի խաղաղ կարգավորման ծրագրին` նշել է, որ ուրբաթ օրը շատ կարևոր մի իրադարձություն է տեղի ունենալու` Ասոցացման համաձայնագիրն է ստորագրվելու և սկսվելու է դրա իրականացումը:

«Միևնույն ժամանակ, իրենց անհանգստացնում է այն փաստը, որ Ռուսաստանը սպառնում է Ասոցացման համաձայնագիրը կնքելուց հետո առևտրային սահմանափակումներ կիրառել Ուկրաինայի դեմ, և մենք պետք է գործ ունենանք այդ հետևանքների հետ ևս», - հայտարարել է Բիլդտը:

Նշենք, որ այսօր Մաքսային միության երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի փոխարտգործնախարարները Սոչիում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկում են այն միջոցները, որ պետք է ձեռնարկվեն Ուկրաինայի եվրոպական ասոցացման պարագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG