Մատչելիության հղումներ

logo-print

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետը շարունակում է անորոշ մնալ


Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը համատեղ մամուլի ասուլիսում: Երևան, 23-ը հունիսի, 2014թ.

Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը համատեղ մամուլի ասուլիսում: Երևան, 23-ը հունիսի, 2014թ.

Այսօր Երևանում շուրջ մեկ ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները որևէ հստակություն չմտցրեցին Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցության հարցում:

Բանակցություններին հետևած համատեղ մամուլի ասուլիսում Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը հպանցիկ անդրադարձան հարցին՝ միայն նշելով, որ միությանը Հայաստանի անդամակցության հարցը քննարկվել է:

«Բանակցություններին հարցերի մի առանձին խումբ նվիրված էր եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին: Մենք մանրամասն քննարկեցինք Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցերը», - ասաց Նալբանդյանը:

Լավրովը նույնպես սակավախոս էր. - «Մենք այսօր քննարկեցինք եվրասիական ինտեգրացիային Հայաստանի միացման հարցերը: Ռուսաստանը ակտիվորեն սատարում է այդ գործընթացը»:

Թե ե՞րբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու փաստաթուղթը շարունակում է անորոշ մնալ: Շաբաթներ առաջ՝ մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրեց մինչև հունիսի 15-ը վերջնաժամկետ սահմանել՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման համար: Մինչդեռ, ավելի ուշ հրապարակված գագաթնաժողովի որոշման մեջ ընդամենը ասված է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել այդ պայմանագիրը, բայց այն ե՞րբ է ստորագրվելու՝ ոչ մի խոսք:

Անցած ուրբաթ՝ հունիսի 20-ին, վարչապետ Հովւիկ Աբրահամյանի խոսքից պարզ դարձավ, որ մինչև հուլիսի 1-ը նույնպես Հայաստանը փաստաթուղթը չի ստորագրելու: «Ազատության» հարցին, թե ի վերջո ե՞րբ է ստորագրվելու պայմանագիրը, Աբրահամյանը միայն ասաց, որ հուլիսի 3-ին հանդիպում է նախատեսված այդ հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG