Մատչելիության հղումներ

Նախագահը ընդունեց Ռուսաստանի ԱԳ նախարարին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի և կարևոր քայլ կդառնա երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին:

Սարգսյանն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի պետական այցի և անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայում, այնուհետ այս տարի մայիսի 8-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները հարստացրել են երկկողմ օրակարգը, և դրանց իրականացումը շատ լուրջ խթան կհաղորդի երկու պետությունների միջև համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայից մինչև հումանիտար ոլորտում համագործակցությունը:

Նախագահը շեշտել է, որ Հայաստանը տրամադրված է ակտիվ և լուրջ աշխատանքի, քանի որ միայն նման մոտեցումն է համապատասխանում երկու ժողովուրդների միջև պատմական ավանդույթներին և ժամանակի ընթացքում ձևավորված դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններին:

Փոխանցելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ ողջույնները՝ Լավրովը հավաստիացրել է, որ Պուտինը հանձնառու է այն պայմանավորվածություններին, որոնք Սարգսյանի հետ նա ձեռք է բերել անցյալ տարեվերջին Հայաստան պետական այցի ընթացքում, ինչպես նաև Մոսկվայում մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է իր այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ Լավրովի, բարձր մակարդակի պայմանավորվածությունների տեսանկյունից քննարկվել է հայ - ռուսական հարաբերությունների օրակարգի հարցերի ամբողջ համալիրը, ընդգծվել է բոլոր ուղղություններով դինամիկ աշխատանքը և՛ երկկողմ ձևաչափով՝ օրակարգի առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում, և՛ հայ - ռուսական բազմապլան համագործակցության առումով՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են և հուսալի բարեկամներ, ինչպես նաև ԱՊՀ-ի շրջանակներում:

Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ հայ գործընկերոջ հետ քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները: Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարությունում քննարկվել են նաև ամենատարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Սևծովյան տնտեսական համագործակցություն, Հայաստանի և Ռուսաստանի միջև գործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը:

Լավրովի հավաստմամբ՝ հայ գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, մտքեր են փոխանակվել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Բնականաբար, քննարկվել է ղարաբաղյան կարգավորման խնդիրը, որտեղ Ռուսաստանը, ըստ Սերգեյ Լավրովի, հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք բազմիցս հաստատվել են երեք համանախագահող երկրների նախագահների կողմից:

Հանդիպման մասնակիցները հանգամանորեն քննարկել են բոլոր ուղղություններով հայ - ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշել երկկողմ և բազմակողմ գործակցության ամրապնդմանն ուղղված հետագա անելիքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG