Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ և Ուկրաինայի ԱԳ նախարարները կքննարկեն ուկրաինական ճգնաժամը


Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Պավլո Կլիմկին, Կիև, 19-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Պավլո Կլիմկին, Կիև, 19-ը հունիսի, 2014թ․

Այսօր Եվրամիության 28 երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ կքննարկեն իրավիճակն այդ երկրում:

Քննարկման արդյունքներով համատեղ կոմյունիկե կընդունվի: Ինչպես հայտնել է Եվրոպայի խորհրդի մամլո ծառայությունը, ուկրաինական ճգնաժամը եվրոպացի արտգործնախարարների օրակարգի առաջնային կետն է: Ակնկալվում է, որ Կլիմկինը եվրոպացի արտգործնախարարների ուշադրությանը պետք է ներկայացնի Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկած խաղաղ կարգավորման 14-կետանոց ծրագիրը:

Ուրբաթ երեկոյան Դոնբաս իր այցի ընթացքում Պորոշենկոն փաստացի տվել է այդ խաղաղ ծրագրի մեկնարկը՝ մեկշաբաթյա միակողմանի հրադադար հայտարարելով երկրի հարավ-արևելքում՝ հակամարտության գոտում: Դոնեցկի մարզի Սվետոգորսկ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Պորոշենկոն ասել է, որ մեկշաբաթյա հրադադար է հայտարարել, որպեսզի անջատողականները կարողանան հանձնվել, ազատ արձակել պատանդներին և գրաված շենքերը, իսկ ովքեր զենքերը վայր չեն դնի և չեն հանձնվի՝ կոչնչացվեն:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ռուսական այն վարձկաններին, ովքեր ծանր հանցանք չեն գործել, իրենք միջանցք կտրամադրեն, և նրանք կկարողանան վերադառնալ իրենց երկիր:

Պորոշենկոյի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը նաև տնտեսական և քաղաքական առաջարկներ է պարունակում՝ տեղի ղեկավարության դերի բարձրացում և հարավ-արևելքի համար տնտեսական զարգացման ծրագիր:

Փաստորեն, պաշտոնական Կիևը հույս ունի առաջարկված այս խաղաղ ծրագրով իրավիճակը կարգավորել մինչև հունիսի 27-ը: Այդ օրը նախատեսված է Եվրամիություն - Ուկրաինա Ասոցացման պայմանագրի տնտեսական հատվածի ստորագրումը: Մինչ այդ, այսօր Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը պետք է մի շարք իրավական փաստաթղթեր ընդունի, որոնք թույլատրում են Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Փաստաթղթի քաղաքական գլուխները ստորագրվել էին դեռ մարտի 21-ին: Բացի այդ՝ ուկրաինական ապրանքների համար Եվրամիության հայտարարած ժամանակավոր արտոնությունները գործում են ապրիլի 23-ից:

Այս նիստին վերաբերող մամլո հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Եվրամիությունը խստորեն դատապարտում է Ղրիմի և Սևաստոպոլի ապօրինի բռնակցումը Ռուսաստանին և չի ճանաչում այն: Որպես այդ չճանաչման քաղաքականության բաղկացուցիչ մաս՝ Եվրամիությունը թույլ չի տա այդ տարածքներից ապրանքների մուտքը ԵՄ:
XS
SM
MD
LG