Մատչելիության հղումներ

Վրաստանի անդամակցության հարցով տարաձայնություններ ՆԱՏՕ-ում


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի համատեղ ասուլիսը Բրյուսելում, 5-ը փետրվարի, 2014թ․

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի համատեղ ասուլիսը Բրյուսելում, 5-ը փետրվարի, 2014թ․

«Դաշինքը ցանկություն չունի մեկ անգամ ևս գրգռել Ռուսաստանին՝ առանց որևէ էական արդյունքի հասնելու», - Reuters-ին ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Հյուսիսատլանտյան դաշինքը չի ցանկանում է՛լ ավելի սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ուստի ՆԱՏՕ-ի՝ սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Վրաստանը անդամակցության պաշտոնական հրավեր չի ստանա: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:

Reuters-ի թղթակցին Հյուսիսատլանտյան դաշինքի այս պաշտոնյան փոխանցել է․ - «Քիչ հավանական է, որ Վրաստանին անդամակցության գործողությունների ծրագիր (MAP) առաջարկվի: ՆԱՏՕ-ն, իհարկե, չպետք է թուլության նշաններ ցուցաբերի, բայցևայնպես, դաշինքը ցանկություն չունի մեկ անգամ ևս գրգռել Ռուսաստանին՝ առանց որևէ էական արդյունքի հասնելու»:

ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում աշխատող մեկ այլ դիվանագետ էլ գործակալությանն ասել է․ - «Ռուսաստանի պատճառով Վրաստանին անդամակցության գործողությունների ծրագիր չտրամադրելը ճիշտ քայլ չէ»:

Տեսակետների նման տարբերությունը պատահական չէ: Reuters-ի փոխանցմամբ՝ Վրաստանի անդամակցության պաշտոնական առաջարկի շուրջ տարաձայնությունները պառակտել են դաշինքը:

«Դիվանագետներից մեկը պատմեց, որ ՆԱՏՕ-ի 28 անդամ պետություններից 12-ը դեմ են Վրաստանին անդամակցության գործողությունների ծրագիր առաջարկելու գաղափարին», - գրում է գործակալության թղթակիցը՝ հավելելով․ - «Նման պայմաններում ենթադրվում է, որ դաշինքն ի վիճակի չի լինի այս հարցով պահանջվող կոնսենսուսին հանգել»:

Այս պառակտումը, ըստ Reuters-ի, նաև որոշակի աշխարհագրական դրսևորումներ ունի: Վրաստանի անդամակցության սկզբունքային կողմնակիցներն են բալթյան հանրապետություններն ու Արևելյան Եվրոպայի մի շարք պետություննները: Արևմտյան Եվրոպայում առկա մոտեցումները, ըստ Reuters-ի, տարբերվում են: «Ֆրանսիան համոզված է, որ այժմ Վրաստանի անդամակցության գործընթացը սկսելու լավագույն ժամանակը չէ: Վրաստանին գործողությունների ծրագիր առաջարկելուն դեմ է նաև Գերմանիան», - հաղորդում է Reuters-ը` նշելով, որ ՆԱՏՕ-ի առաջատար պետության` Միացյալ Նահանգների դիվանագետները փորձում են մանևրել այս երկու ծայրահեղ հակադիր դիրքորոշումների միջև:

«Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ ծագած հակամարտության ֆոնին ԱՄՆ-ը անում է ամեն ինչ դաշինքի միասնությունը պահպանելու համար», - նշում են դիվանագետները` ենթադրելով, որ սեպտեմբերին Ուելսում պաշտոնական Թբիլիսիին անդամակցության հրավերի փոխարեն նոր` «սերտացված համագործակցության փաթեթ» կառաջարկվի:

Վրաստանի անդամակցության հարցին ՆԱՏՕ-ի անդամները մեկ անգամ ևս կանդրադառնան այս շաբաթ` Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի նախարարների համաժողովի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG