Մատչելիության հղումներ

Արգենտինան՝ 1/8 եզրափակիչում


Բրազիլիա- Արգենտինացի Լիոնել Մեսսին Իրանին խփած գոլից հետո, Բելու Օրիզոնտե, 21-ը հունիսի, 2014թ.

Բրազիլիա- Արգենտինացի Լիոնել Մեսսին Իրանին խփած գոլից հետո, Բելու Օրիզոնտե, 21-ը հունիսի, 2014թ.

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ևս մեկ հավաքական՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինան, խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ ապահովեց իր մասնակցությունը 1/8 եզրափակիչին՝ երեկ 1:0 հաշվով հաղթելով Իրանին և 6 միավորով միանձնյա գլխավորելով F խմբի մրցաշարային աղյուսակը։

Իրանցի ֆուտբոլիստները արժանի դիմադրություն էին ցույց տալիս, և արգենտինացիներին միայն խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին հաջողվեց գրավել մրցակիցների դարպասը՝ գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին։

F խմբի մրցաշարային աղյուսակում Արգենտինային 4 միավորով հաջորդում է Նիգերիայի հավաքականը, որը նախօրեին 1:0 հաշվով առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ։ Իրանը ունի մեկ միավոր, Բոսնիա և Հերցեգովինան միավոր չունի։

G խմբում Գերմանիայի և Գանայի հավաքականները երեկ ոչ-ոքի՝ 2:2 ավարտեցին իրենց հանդիպումը։ Խփելով առաջին գնդակը, գերմանացիները այնուհետև երկու գնդակ ընդունեցին սեփական դարպասը, իսկ 71-րդ րոպեին Միրոսլավ Քլոզեն հավասարեցրեց հաշիվը։

Այս խմբում այսօր տեղի կունենա երկրորդ տուրի մյուս՝ ԱՄՆ - Պորտուգալիա հանդիպումը։

Մինչ օրս իրենց մասնակցությունը աշխարհի առաջնության հաջորդ փուլին ապահովել են 5 թիմեր՝ Նիդերլանդները, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան և Արգենտինան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG