Մատչելիության հղումներ

Մինչ Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քվեարկության էր դրվում Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում Կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը, խորհրդարանի մոտ «Դեմ եմ» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները բողոքի ակցիայի միջոցով իրենց դժգոհությունն էին հայտնում հանրապետական պատգամավորներին:

Այսօր նորից ակտիվիստները խրձով մանրադրամ նետեցին հանրապետական պատգամավորների վրա:

Մի քանի հանրապետական պատգամավոր լեզվակռվի բռնվեցին ակտիվիստների հետ: Մասնավորապես, Աշոտ Աղաբաբյանը պատասխան ամոթանքի խոսքեր ուղղեց ակտիվիստներին՝ օգտագործելով բավական կոշտ բառապաշար:

«Դեմ եմ» անդամ Գևորգ Գորգիսյանը, հանրապետական Սամվել Նիկոյանին ընդառաջ գալով՝ 10 դրամանոց մետաղադրամ առաջարկեց նրան՝ հորդորելով դրանով «կշտանալ»: Ակտիվիստի հարցին՝ արդյոք հասկացե՞լ են, թե ինչին են կողմ քվեարկել, Նիկոյանն ասաց, որ «ինչ անում են՝ ժողովրդի շահերից ելնելով են անում»:

«Ազատության» այն դիտարկմանը, որ ժողովուրդը դեմ է օրենքին, սակայն Հանրապետականը կողմ է քվեարկել, Նիկոյանը վստահեցրեց, որ դեմ են ընդամենը Ազգային ժողովի կանգնած մի քանի հոգին, մնացածը կողմ են օրենքին:

Քիչ անց Ազգային ժողովում ակնկալվում է ոչ իշխանական քառյակի հայտարարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG