Մատչելիության հղումներ

Աֆրիկյանների տան վերջին բնակիչը


Տերյան 11-ի՝ Աֆրիկյանների շենքի բնակիչներից միայն մեկն է մնացել քանդվող շենքում։ Վահե Ղուկասյանը տունը լքելու մտքից սարսափում է, գնալու տեղ չունի։

Աֆրիկյանների շենքում խորհրդային տարիներին տուն է ստացել նրա պապը, ինքը ծնված օրվանից այստեղ է ապրել։ Այժմ բոլորը հարևանները հեռացել են, Վահեն ու 22-ամյա որդին դեռ ապրում են խարխուլ շենքի քիչ թե շատ կանգուն սենյակներից մեկում։

Հայրական տանը Վահեն ապրել է եղբոր հետ, մոտ 30 քառակուսի մետր մակերեսով տան համար եղբայրը ժամանակին 20 հազար դոլար փոխհատուցում է ստացել, իրեն ոչինչ չի հասել այն դեպքում, երբ մոտ 15 քառակուսի մետրանոց նկուղի համար, ըստ Վահեի , որևէ լումա չի փոխհատուցվել։

«Փոխհատուցում ստացավ եղբայրս քանի որ ներկա էր այն ժամանակ, երբ եկան չափեցին, բայց քանի որ ես կալանավայրում էի, ինձ ժամանակավորապես հանել էին գրանցումից, տեղափոխել էին գաղութի վրա։ Կալանավայրից եկել եմ ու անտերուդուս, տղայիս հետ եմ ապրում, տղաս էլ գնացել է դրանց համար Ղարաբաղում ծառայել է, ես որ իմանայի սենց է լինելու, թույլ չէի տա՝ գնար», - ասում է Վահե Ղուկասյանը։

Ստացած գումարով եղբայրն ու նրա ընտանիքը Աբովյանում փոքր տուն են գնել, իսկ Վահեն ու որդին մնացել են քանդման ենթակա շենքում, գնալու տեղ չունեն։

«Եղբայրս, որ փող ունենար, ինձ կտար, բայց իմ եղբայրը կին ունի, երեխա ունի, եթե 30-40 հազար լիներ (ստացված փոխհատուցումը), ինքը ինձ 15 հազար կտրամադրեր, բայց ինձ դա էլ չեն տալիս», - ասում է նա:

Շենքի պատշգամբները արդեն չկան, պատերից շատերը կիսաքանդ են, Վահեի տան սյուները ճաքած են, ապակիները՝ կոտրատված: Տարիներ առաջ «Միլենիում քոնսթրաքշն» ընկերությունը պայման է դրել շենքում ապրող բնակիչների առջև՝ փոխհատուցում ստանալուց առաջ հանել դռներն ու պատուհանները։ Այդպես կարճ ժամանակում 19-րդ դարից կանգուն շենքը կիսաքանդ է դարձել։

«Ես չէի ուզի այս տունը քանդվեր, շատ պինդ շենք է, հաջողակ շենք, որ մի փոքր գումար լիներ վերականգնեին, որպես պատմություն, շատ գեղեցիկ շենք է։ Հիմա ցավալին այն է, որ ես 54 տարի այստեղ ապրել եմ, ինձ ասում են՝ դու ո՞վ ես, գնա փողոց, հիմա ես ո՞ւր գնամ տղայիս հետ», - հարցնում է նա:

Աֆրիկյանների տան վերջին բնակիչը խոստովանում է՝ օրեր են լինում՝ սոված է քնում: Ասում է՝ անարդար է իրեն փողոց շպրտել։ Շենքի սեփականատիրոջն ու ոստիկաններին էլ զգուշացրել է՝ ոչ մի դեպքում չի հեռանալու իր տնից։

«Ես իմ կյանքին վերջ կտամ, բենզինը կլցնեմ վրաս, ես կպայքարեմ կյանքովս իմ տան համար», - ասում է հուսահատ Վահե Ղուկասյանը։
XS
SM
MD
LG