Մատչելիության հղումներ

«Օտար ենք ամենուր. և՛ հայրենիքից դուրս, և՛ ներսում»


Արդեն 20 տարուց ավելի Աբովյանի հանրակացարաններից մեկում ապրող փախստականները պետությունից այլևս ակնկալիք չունեն։

«Օտար ենք ամենուր. և՛ հայրենիքից դուրս, և՛ նրա ներսում: Փախստական անունը կպնում է հավերժ», - «Ազատության» հետ զրույցում ասում էին նրանք, ովքեր տուն-տեղ, պատմություն, անցյալ թողնելով փախել են ՝ ողջ մնալու համար:

Մինչ վերջին երեք տարում սիրիական պատերազմից Հայաստան փախած մեր հայրենակիցները փորձում են համակերպվել և մի կերպ կազմակերպել իրենց կյանքը հայրենիքում, արդեն 26 տարի սումգայիթյան եղեռնից փրկվածները այդպես էլ չհասկացան ՝ ո՞ր երկրի քաղաքացի են և ի՞նչ իրավունքներով են առհասարակ գոյատևում:

Հանրակացարանում ապրող Նադյա Գրիգորյանը 6 տարեկան էր, երբ տատիկի հետ փախավ Ադրբեջանից։ Հիմա արդեն երկու երեխա էլ ինքն ունի, սակայն մինչև օրս ապրում է փլուզվող առաստաղի ներքո:

«Երեխան էդտեղ քնած, հենա, այ սենց կաթում ա, երեխան քնած՝ պատալոկի ծեփն ընկնում ա գլխին։ Վեց տարեկանից ստեղ եմ եղել, հիմա էլ մամա եմ, հնարավո՞ր ա, կարո՞ղ ա տատիկ էլ դառնամ՝ հլը ստեղ լինեմ», - սրտնեղում է Նադյան։

Աբովյան քաղաքի այս հանրակացարանում Նադյայի պես ևս 9 փախստական է ապրում: Որոշ արտոնյալ հարևաններ սեփականաշնորհել են ընդհանուր զուգարանն ու լոգարանը, և շատերն անգամ բնական կարիքները հոգալու տեղ չունեն:

«Վեդրոն մեր տուալետն ա։ էս լվացարաններում է՛լ գարշոկ են լվում, է՛լ նասկի, վախենում ես՝ ափսեներդ բերես լվաս», - ասաց բնակիչը։

Փախստական Հռիփսիմե Տոնյանը նեղսրտած էր ոչ միայն կենցաղային անտանելի պայմաններից, այլ նաև շրջապատի վերաբերմունքից․ այդպես էլ հայրենիքում իրենց չընդունեցին, իրենց դժբախտությունը չհասկացան. - «Տեղացիներն ասում են, որ դուք թուրք եք, թուրքի մնացորդներ։ Բերաններին ինչ գալիս ա՝ ասում են»։

Արդեն մի քանի տասնամյակ նրանք դիմում են պատկան մարմիններին, բայց անարդյունք։ Պաշտոնական պատասխանը նույնն է՝ բյուջեում փող չկա:

«Մենք շատ տեղ ենք դիմել՝ Եգանյանին, Սերժին, լիցո նա լիցո Սերժին նամակ եմ տվել: Պատասխանի եմ սպասում, երկրորդ օրը պատասխանը տվել ա, որ գումար չկա, իրանք գումար չունեն: Բայց ամեն ինչ սարքելու համար գումար ունե՞ն, մեզ համար չունե՞ն։ Խնդրում ենք, եթե չեք կարողանում մեր հարցը լուծել, մեզ ուղարկեք արտասահման կլինի, Ռուսաստան կլինի, մեր պասպորտները սարքեք նորմալ պասպորտ, տվեք, մեզ ստեղից հանեք։ Կամ՝ տուն տան, կամ՝ մեզ ուղարկեն ուրիշ տեղ», - ասաց մեկ այլ բնակիչ։

Մեկ ուրիշն էլ նշեց, որ երկու տղա երեխա ունի, և իրեն կհիշեն, հենց տղաների ծառայության տարիքը մոտենա. - «26 տարի ա մենք համակերպվում ենք։ Տղա երեխաներ են երկուսն էլ, մեկը տասը տարեկան, մյուսն էլ 6 տարեկան։ Որ ժամանակը գալիս ա պետության համար ծառայության, գալիս են իրա մոր դեմից երեխային տանում են, չէ՞։ Էդ երեխեքին դե տեղ տվեք, ապրուստ տվեք, որ էդ երեխեքն ապրեն, ձեր համար, պետության համար գնան ծառայեն։ Երկու զինվոր եմ պահում-մեծացնում»։

Անհասցե, անհայրենիք ու անորոշ ապագայով այս մարդիկ դառնացած ասում էին. - «Դարձել ենք մեր ճակատագրերի բանտարկյալները»։

Տարօրինակ փաստ բացահայտեց «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլյանորա Ասատրյանը. - «Չնայած վերջին երկու տասնամյակում Հայաստանը անընդմեջ ընդունում է փախստականների, այդուհանդերձ պաշտոնական ոչ մի թիվ չկա»:
XS
SM
MD
LG