Մատչելիության հղումներ

Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը չի ստորագրվի մինչև հուլիսի 3-ը․ Աբրահամյան


Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը չի ստորագրվի մինչև հուլիսի 3-ը․ Աբրահամյան
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, Հայաստանը մինչև հուլիսի 3-ը չի ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագիրը:

Այս մասին պարզ դարձավ այսօր, երբ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի վերջո ե՞րբ է ստորագրվելու նշված փաստաթուղթը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց․ - «Հանդիպումները կլինեն, որոշում կկայացնեն: Հուլիսի 3-ին պետք է լինի»:

Մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրեց մինչև հունիսի 15-ը վերջնաժամկետ սահմանել՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման համար: Սակայն ավելի ուշ հրապարակված գագաթնաժողովի որոշման մեջ ընդամենը ասված է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել այդ պայմանագիրը, բայց այն ե՞րբ է ստորագրվելու՝ ոչ մի խոսք:

Այսօր վարչապետ Աբրահամյանի հետ լրագրողները կարողացան շփվել «ԴիջիԹեք» բիզնես-ֆորումի ժամանակ, և օգտվելով առիթից վարչապետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարող է ասել հնչող քննադատության վերաբերյալ, թե, ըստ էության, տարբերություն չկա Տիգրան Սարգսյանի կառավարության առաջարկած և հանրային ընդվզման պատճառ հանդիսացած կենսաթոշակային համակարգի և նոր կառավարության առաջարկածի միջև: Վարչապետի պատասխանը կարճ էր՝ «պիտի ակնոցները փոխեն»:

Փոքր-ինչ ավելի ուշ՝ դարձյալ ճեպազրույցի ընթացքում, վարչապետը կրկին անդրադարձավ կուտակային կենսաթոշակային համակարգի թեմային:

«Հուլիսի 1-ից բարձրացրել ենք 200 հազար ավելից պետական աշխատողների աշխատավարձը միջինը 40 տոկոս, և համարձակ քայլ է իրականացրել կառավարությունը՝ մոտ 38 միլիարդ դրամ հատկացրել է այդ աշխատավարձերի բարձրացմանը, և մենք պետական սեկտորի համար նպատակային սոցիալական վճար ենք սահմանում, և դա իմ կարծիքով շատ ճիշտ քայլ է, և հույս ունեմ մասնավոր ոլորտի համար մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը հետաձգված է: Հուլիսի 1-ից կդառնա այդ վճարը բոլորի համար պարտադիր», - նշեց նա:

Կոշտ դիրքորոշում՝ ստվերի դեմ պայքարում


Մայիսի 14-ին խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջնաժամկետ էր սահմանել նրանց համար՝ կա՛մ մինչև հուլիսի 1-ը գործարարները սեփական ցանկությամբ կսկսեն աշխատել հավասար դաշտում և դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները: Տաս օր է մնացել հուլիսի 1-ին, և Հովիկ Աբրահամյանին հարցրեցինք, ի՞նչ արդյունքներ կան ստվերի դեմ պայքարում:

«Մենք հուլիսի 1-ից տասնօրյակը մեկ հանրությանը տեղեկացնելու ենք ո՛ր հարկատուն ինչքան հարկ է վճարում, և դուք կհամեմատեք, ընդհանուր տարբերությունը կֆիքսեք», - պատասխանեց Հովիկ Աբրահամյանը, - «Մենք լինելու ենք հետևողական և անպայման մեր պայմանավորվածությունները պահելու ենք: Այն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք մեր դիրքորոշումը շատ կոշտ կցուցաբերենք»:

«Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն ընդունվելու է»


Անդրադառնալով քառյակի 12 առաջարկություններին՝ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց․ - «Եթե համագործակցություն է առաջարկում քառյակը, չի կարելի պահանջներ ներկայացնել, այլ կարելի է համագործակցության առաջարկություն ձևակերպել այդ առաջարկները: Մենք քննարկում ենք, և յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն մեր կողմից ընդունվելու է: Ինչ վերաբերում է այդ կոնկրետ 12 առաջարկություններին, դրանց մեծ մասը արտացոլված են կառավարության ծրագրում, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից: Այնպես որ մեզ համար կարևոր չէ, թե ով է առաջարկում, կարևոր է, որ մենք կատարենք գործ, որը մեր տնտեսությունը կզարգացնի: Քառյակ, հնգյակ, եռյակ․․․մենք բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել՝ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկի դեպքում»:

Խնջույքները պատմամշակութային կոթողներում «կբացառվեն»


Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաև Զվարթնոց ու Գառնի տաճարներում օրերս տեղի ունեցած խնջույքներին:

«Ես շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել նախարարի հետ, և պահանջել եմ, որ քայլեր ձեռնարկվեն: Եվ անպայման մարդիկ կպատժվեն և պատասխանատվության կենթարկվեն: Տեղյակ եմ, որ մասնաճյուղի տնօրեն է ազատվել, ՊՈԱԿ-ի տնօրենը խիստ նկատողություն է ստացել, և այդ հարցը իմ ուշադրության կենտրոնում է լինելու՝ բացառել այսուհետ նման պայմանավորվածությունները և խնդիրները, որոնք առաջացնում են մեր հանրության դժգոհությունը», - հայտարարեց վարչապետը:
XS
SM
MD
LG