Մատչելիության հղումներ

Եթե ռուսները ներխուժեն Ուկրաինա...


Ռուս անջատականների զրահամեքենան մտել է Սիվերսկ, որը գտնվում է Դոնեցկի մարզի Կրասնի Լիման ավանի հարևանությամբ, 19-ը հունիսի, 2014թ.

Ռուս անջատականների զրահամեքենան մտել է Սիվերսկ, որը գտնվում է Դոնեցկի մարզի Կրասնի Լիման ավանի հարևանությամբ, 19-ը հունիսի, 2014թ.

Չորս մարտավարություններից ո՞ր մեկը կընտրի Վաշինգտոնը։

Ուկրաինա ռուսների ռազմական լայնածավալ ներխուժման հնարավորությունը չի բացառվում։ Եթե Մոսկվան իսկապես զորք մտցնի, ի՞նչ պատասխան կտա Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Կալիֆորնիայի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Բենեթ Ռամբերգը, ով ավագ Ջորջ Բուշի նախագահության օրոք աշխատակազմի քաղաքական-ռազմական դեպարտամենտի փորձագետն էր և հեղինակել է միջազգային քաղաքականության թեմաներով երեք գիրք ու բազմաթիվ հետազոտություններ, The National Interest հանդեսում հրապարակել է հոդված՝ առաջարկելով վերլուծել Սպիտակ տան դիրքորոշումները անցյալ ճգնաժամերի տարիներին։

Նա առանձնացնում է հետևյալ չորս մոտեցումները․

Կորեայում և Վիետնամում ամերիկացիների հույսը բանակի հզորությունն էր։

1953 թվականին Արևելյան Գերմանիայի, 1956-ին Հունգարիայի և 1968-ին Չեխոսլովակիայի առճակատումների ժամանակ ամերիկացիները անակնկալի բերված ականատեսի դերում ընդամենը նախատել են ռուսներին։

Երբ սովետները 1979-89 թվականներին գրավել են Աֆղանստանը, Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել և ռազմական օգնություն է ցույց տվել զավթիչների դեմ պայքարող աֆղանստանցիներին։

2008-ին, երբ ռուսները հարվածներ են հասցրել Վրաստանին և երկու տարածք են անջատել, ԱՄՆ-ի միջամտությունը սոսկ դիվանագիտական է եղել։

Արդյո՞ք այդ չորս տարբերակներից մեկը հնարավոր է կիրառել Ուկրաինայի տարածք ռուսական բանակի ներխուժման դեպքում։

Ըստ Ռամբերգի՝ այսօրվա դրությամբ լավագույն մոտեցումը դիվանագիտականը կլինի, ինչպես Վրաստանի պարագայում էր, բայց մտքում պահելով աֆղանականը` պատժամիջոցներ սահմանելն ու պայքարողներին սատարելը։

Արևմտյան զորքերի պատասխան գործողությունը կարող է հանգեցնել համաեվրոպական լայնածավալ պատերազմի։

Արևելագերմանական, հունգարական և չեխոսլովակյան տարբերակը` աչք փակելը, թերևս ամենադյուրին ելքն է, սակայն դա ռուսներին կոգևորի և կդրդի նախկին խորհրդային աշխարհում անպատիժ գրավել նոր տարածքներ։

Ռամբերգի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմական ներխուժումների հարցի արագ լուծում երբևէ չի եղել։ Բայց պատմությունից կարելի է որոշ դասեր քաղել։

Աֆղանստանի և Վիետնամի պատերազմները վկայում են, որ կատաղի դիմադրություն ցույց տվողները, ովքեր շարունակում են կռվել նույնիսկ մեծ զոհեր տալու դեպքում, ի վերջո կարող են պարտության մատնել նույնիսկ հզոր բանակով ներխուժած օտարին։

Արևմուտքը կարող է զենքով ապահովել ուկրաինացիներին, եթե տեսնի, որ նրանք կդիմադրեն, բայց Ղրիմի պատմությունը որոշակի կասկածներ է առաջացնում։

Այդ դեպքում գուցե ա՞չք փակել։ Ըստ վերլուծաբանի, Արևմուտքը չի կարող ձեռքերը ծալած նստել և դիտել, թե ինչպես են ռուսական տանկերը մտնում Ուկրաինա․ չես կարող չարձագանքել կամ ընդամենը բավարարվել քննադատությամբ լուրերի քսանչորսժամյա հեռարձակումների մեր ժամանակներում։

Մեկ այլ ուղի էլ այն է, որ Կիևն ու Արևմուտքն ընդունեն, որ Ղրիմը, ինչպես Հարավային Օսիայի և Աբխազիայի դեպքում է, այևս մնում է Մոսկվայի հսկողության տակ, դրա դիմաց պահանջելով ռուսներից հեռացնել զորքերն ու ձեռք չտալ Ուկրաինայի արևելքի մնացած շրջաններին, բայց դա միամտության ուղի է։

Ինչ էլ որ պատահի Ուկրաինայում՝ Արևմուտքն արդեն սկսել է մշակել Ռուսաստանի նկատմամբ նոր մոտեցում։ Նախագահ Բարաք Օբաման արդեն սկսել է իրականացնել ՆԱՏՕ-ի արևելյան շրջանի անդամներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու խոստումը։

«Բայց շատ ավելի տպավորիչ կլիներ, եթե էապես ավելացվեր այդ երկրներում տեղակայված ՆԱՏՕ-ի զինծառայողների թիվը։ Դա կլիներ հստակ ազդանշան Մոսկվային առ այն, որ ցանկացած ոտնձգություն ՆԱՏՕ-ի անդամ երկրի նկատմամբ կհանգեցնի կոշտ ռազմական հակահարվածի», - եզրակացնում է Կալիֆորնիայի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Բենեթ Ռամբերգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG