Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը կշարունակի ծրագրերը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում


Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շինարարության պաշտոնական մեկնարկը, արխիվ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շինարարության պաշտոնական մեկնարկը, արխիվ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այսօր եկել էին Գյումրիի տեխնոլոգիկան կենտրոն տեսնելու, թե իրենց բանկի հատկացրած մոտ 4 մլն դոլարով շենքի վերանորոգումը ավարտվե՞լ է, թե՞ ոչ:

Այս շենքի կառուցմամբ ազդարարվեց, որ Գյումրիում տեխնոպարկի շինարարությունը մեկնարկեց, սակայն ըստ էության սա ոչ թե տեխնոպարկն է, այլ ընդամենը տեխնոլոգիական կենտրոն, որը զբաղվելու է մասնագետների պատրաստմամբ: Իսկ Գյումրին տեխնոքաղաք կամ տեխնոպարկ դարձնելու նախաձեռնությունը դեռևս թղթի վրա է մնում, կամ, ինչպես ասում են, բարի ցանկություն, քանի որ մոտ 50 հա հողատարածքի վրա կառուցվելիք տեխնոպարկը ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանից հետաքրքրվեցինք, թե իվերջո ե՞րբ է նախատեսվում բուն տեխնոպարկի կամ տեխնոքաղաքի կառուցումը:

«Այդ ծրագիրը մշակման փուլում է գտնվում, դա մեծ ֆինանսավորում կպահանջի․ պետք է մշակվի, հաշվարկվի, պետք է ուղղությունները որոշվեն և ես կարծում եմ՝ տեխնոլոգիական կենտրոնը այս մեկ տարվա ընթացքում երբ սկսի աշխատել, մեզ կհուշի այն հիմնական ուղղությունները, որոնք հետագայում նաև կընդլայնվեն այս շենքից դուրս», - ասաց Ենգիբարյանը:

Տեխնոպարկի փոխարեն առայժմ տեխնոլոգիական կենտրոնը կգործի: Իսկ որպես ի՞նչ է ծառայելու այս կենտրոնը հարցին Բագրատ Ենգիբարյանը պատասխանեց․ - «Տեխնոլոգիական կենտրոնը առաջին հերթին ծառայելու է մասնագետների պատրաստմանը, երկրորդը՝ կազմակերպությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների խթանմանը, այսինքն՝ կստեղծվեն կազմակերպություններ արտասահմանյան կապիտալով»:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հանդիպեցին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Հանդիպման ժամանակ Բանկի ներկայացուցիչ Սանդրա Սարջետն ասաց, թե տեխնոլոգիական կենտրոնում իրենք կշարունակեն ծրագրերի իրականացումը:

«Մենք կշարունակենք մրցունակության զարգացման ծրագիրը, որով կաջակցենք մասնագետների պատրաստմանը և աշխատատեղերի ստեղծմանը, հատկապես Գյումրիում: Սա առաջին նախաձեռնությունն է մեր համար, առաջինն է ոչ միայն Հայաստանի համար որպես կենտրոն այլ նաև շատ երկրների համար: Եվ սա, լինելով սկիզբ, կունենանք ծրագրեր մարզերի զարգացման համար: ՀԲ-ը նաև նախատեսում է դրամաշնորհային ծրագրեր իրականացնել Գյումրիի կազմակերպությունների համար մրցունակության զարգացման ծրագրի շրջանակներում», - ասաց բանկի ներկայացուցիչը՝ նշելով, որ խոսքը բավականին մեծ գումարների մասին է:
XS
SM
MD
LG