Մատչելիության հղումներ

Սարգսյան. «Աբխազական երկաթուղին մեզ համար կենսական նշանակություն ունի»


Հայաստանի և Վրաստանի նախագահները համատեղ մամուլի ասուլիսում: 18-ը հունիսի, 2014թ.

Հայաստանի և Վրաստանի նախագահները համատեղ մամուլի ասուլիսում: 18-ը հունիսի, 2014թ.

Արդյո՞ք Սերժ Սարգսյանի թբիլիսյան այցի գլխավոր նպատակը Վրաստանի իշխանություններին համոզելը չէր, որ վերջապես վերաբացվի Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող աբխազական երկաթուղին:

Այս հարցը վրացական մի շարք լրատվամիջոցների մոտ ծագեց այն բանից հետո, երբ «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը բառացիորեն երեկ Երևանում հայտարարեց. - «Մեր ընկերությունն այժմ պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի Աբխազիայի և Վրաստանի տարածքով Հայաստանի հետ երկաթուղային հեռահաղորդակցության վերականգման քննարկումների վրա»:

Ռուսաստանցի պաշտոնյայի հայտարարությունները վրացական հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների շրջանում լուրջ մտագոհության տեղիք տվեցին: Rustavi 2 հեռուստաընկերության թղթակիցը, օրինակ, երեկ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգի մեկնարկից առաջ Ռուսթավելիի անվան թատրոնի մուտքի մոտ, չնայած ձեռնարկված անվտանգության միջոցներին, կարողացել էր մոտենալ Սերժ Սարգսյանին` ուղղակի հարց հնչեցնելով. «Արդյո՞ք Դուք Վրաստանի ղեկավարների հետ քննարկում եք աբխազական երկաթուղու վերաբացման հարցը»:

«Լուրջ խոսակցություն այդ թեմայով չի եղել: Բայցևայնպես մեր ցանկությունն է, որ այդ երկաթուղին վերագործարկվի: Մեզ համար դա կենսական նշանակություն ունի: Աբխազական երկաթուղու վերաբացումը, սակայն, միայն Հայաստանից կամ Ռուսաստանից կախված չէ: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ` հասկանալով սակայն, որ խնդրի լուծումը այլ կողմերից ևս կախված է», - հայտարարեց Սարգսյանը:

Թբիլիսյան մամուլում բարձրացած այս աղմուկին երեկ երեկոյան բավական արագորեն արձագանքեց նաև Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության գծով նախարար Պաատա Զաքարեիշվիլին. - «Սա մի խնդիր է, որը բազմաթիվ կողմերի շահերին է առնչվում, ուստի դա շատ մանրակրկիտ աշխատանք է պահանջում: Դեռ Բիձինա Իվանիշվիլին էր քաղաքական մակարդակում հայտարարում, որ այս հարցին մեծ կարևորություն է տալիս, և այն պետք է քննարկման առարկա դառնա: Առայժմ, սակայն, կողմերը հարցի դետալների մեջ չեն խորացել»:

Զաքարեիշվիլին չբացառեց նաև, որ տեսանելի ապագայում Մոսկվան և Թբիլիսին աբխազական երկաթուղու վերագործակման հարցն ընդգրկեն երկկողմ բանակցությունների օրակարգում:

Իշխող «Վրացական երազանք»-ի մեկ այլ ներկայացուցիչ` խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գեորգի Վոլսկին, այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է. - «Ըստ ամենայնի Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի այս հարցը: Մեզ համար առավել կարևոր է Վրաստանի պետական շահերի պաշտպանությունը: Ամեն դեպքում, շտապողականություն ցուցաբերելու կարիք չկա: Կարծում եմ, որ նախևառաջ մեզ որոշակի տեղաշարժ է անհրաժեշտ վրաց-աբխազական կարգավորման ուղղությամբ»:

Թբիլիսցի վերլուծաբան Իրակլի Բերուլավան, մինչդեռ, հայկական կողմին խորհուրդ է տալիս աբխազական երկաթուղու վերաբացման հարցում Վրաստանի իշխանություններից մեծ սպասելիքներ չունենալ: «Իմ կանխատեսմամբ, այս փուլում խնդրի լուծումը քիչ հավանական է: Որոշումը միայն Վրաստանը չէ, որ կայացնում է: Այստեղ պետք է հաշվի առնել նաև հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստն ու Բաքվի արձագանքը: Չմոռանանք նաև Միացյալ Նահանգների մոտեցումների մասին: Աբխազական երկաթուղու վերագործարկումը կնշանակի, որ Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում կոշտ հակամարտության մոդելի փոխարեն կորդեգրի ավելի մեղմ տարբերակ», - գրում է Բերուլավան իր բլոգում` հավելելով. - «Երկաթուղու բացման դեպքում մեծ աղմուկ կբարձրացնեն թե' Սաակաշվիլիի կողմնակիցները և թե' իշխանության ներսում գործող Իրակլի Ալասանիան և հանրապետականները, որոնք գրեթե նույնքան ամերիկամետ են, որքան նախկին նախագահի կողմնակիցները»:

Նշեմ սակայն, որ ի տարբերություն քաղաքական գործիչների` շարքային վրացիների շրջանում աբխազական երկաթուղու բացումն ավելի մեծ ոգևորությամբ է ընդունվում: Այսպես, անցած տարվա սեպտեմբերին ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից իրականացված հարցման համաձայն, Վրաստանի բնակիչների 75 տոկոսը կողմ է արտահայտվել աբխազական երկաթգծի վերաբացմանը:Սե

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG