Մատչելիության հղումներ

«Դ!եմ եմ»-ը մանրադրամներ նետեց ԱԺ հանրապետական պատգամավորներին


ԱԺ-ի առջև հավաքված «Դ!եմ եմ»-ի ակտիվիստները Հանրապետական խմբակցության պատգամավորներին ճանապարհում և դիմավորում էին վերջիններիս ոտքերի առջև մանրադրամ նետելով:

«Անկուշտ հարուստը աղքատներից ամենաաղքատն է», «Ե՞րբ եք կշտանալու» պաստառներով զինված ցուցարարները պահանջում էին պատգամավորներից չքվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագծի օգտին:

«Քանի որ շատ են ցանկանում դրամահավաք անել օրենքով, մենք առանց օրենքի էլ իրենց կնվիրենք այս տասը դրամները»,- ասաց ակտիվիստներից մեկը:

Եթե որոշ պատգամավորներ անտեսում էին ցուցարարներին և նետված մանրադրամը, նրանցից մեկն անգամ Հանրապետականի կրծքանշանը ձեռքով փակելով անցավ նրանց կողքով, ապա ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը ցուցարարների՝ «Փող ենք հավաքում ձեզ համար» կոչին բավական բուռն արձագանքեց՝ ասելով, թե պատրաստ է սեփական գրպանից վճարել:

«Ես ամեն ինչի էլ սպասոբնի եմ, ինչ ուզեմ, տենց էլ կանեմ, դավայ, հաջողություն», - ասաց Առաքել Մովսիսյանը:

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորներին ուղղված «ամո՛թ» վանկարկումներն այսօր էլ չէին դադարում: Շենքից դուրս եկող հանրապետական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, ով, ի դեպ, դիմում չի գրել պարտադիր կուտակայինից ազատվելու համար, չհասկացավ՝ որն է իր մեղքը, չէ՞ որ ինքն էլ է տուժող:

Հիշեցնենք՝ ըստ Կառավարության առաջարկած նախագծի, հուլիսի 1-ից պետական հաստատություններում աշխատողների վրա կտարածվի «սոցիալական վճար» անվանմամբ պարտադիր գանձման պարտավորությունը: Ինչ վերաբերում է ոչ պետական հիմնարկների աշխատողներին, կառավարությունը մտադիր է պարտադիր պահումները կիրառել նրանց նկատմամբ 2017 թվականի հուլիսի 1-ից:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Գարեգին Նուշիկյանը «Ազատության» հարցին, թե ժողովրդի շահերը ԱԺ-ում ներկայացնող պատգամավորները արդյոք չպետք է հաշվի՞ նստեն հանրային կարծիքի հետ, ասաց, թե դեռ ժամանակ կա մտածելու:

«Երեք տարի ժամանակ ենք ունենում այդ հարցը ավելի խորությամբ նայելու, այդ ընթացքում թերությունները խորը հասկանալու: Երևի թե կողմ կքվեարկեմ նախագծին, տեսնենք, թե զարգացումները ոնց կլինեն»,- ասաց Նուշիկյանը:

Պարտադիրը սոցիալական վճարով փոխարինելով՝ պետական պաշտոնյաները չեն շտապում պարզաբանել, թե այդ դեպքում ինչ եղան ապահով ծերության մասին խոստումները: Օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները տարբեր առիթներով ամիսներ շարունակ պնդում էին, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը այսօրվանից արդեն հոգում է իր բարեկեցիկ ծերության մասին։

«Ժամանակը ցույց տվեց և ինչպես մենք պնդում էինք, սա ոչ մի կապ չունի բարեկեցիկ ծերության հետ»,- ասաց «Դ!եմ եմ»-ի անդամ Արսեն Մանուկյանը:

«Ուղղակի իրենց գործելաոճի համաձայն մի բան ասեցին, տեսան չի անցնում, մի կողմ դրեցին: Հիմա ուրիշ բաներ կասեն, առճակատման մեջ ենք»,- ասաց նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Հակոբ Արշակյանը:

«Դ!եմ եմ» շարժման անդամները շարունակում են պնդել, որ Կառավարության ներկայացրած նախագիծը հակասահմանադրական է, և հանրությունը, մասնավորապես պետական հատվածում աշխատող քաղաքացիները պետք է ոտքի կանգնեն և ճնշումների միջոցով ԱԺ-ից պահանջեն օրինագծին օրենքի ուժ չտալ:
XS
SM
MD
LG