Մատչելիության հղումներ

Բորդյուժայի հայտարարությունը «ՀԱՊԿ անդամներին չի վերաբերում»


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հավաստիացմամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը դադարեցնելու մասին, չի վերաբերում ՀԱՊԿ անդամ երկրներին:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Քոչարյանը մանրամասնեց, որ Նիկոլայ Բորդյուժայի խոսքերը առնչվում են միայն ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափին:

Հունիսի 16-ին Ռուսաստանի խորհրդարանում հանդիպելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, թե կազմակերպության անդամ-պետությունների արտգործնախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը և առաջնահերթ համարել Շանհայի համագործակցության կազմակերպության ու Չինաստանի հետ համագործակցությունը:

«Բորդյուժայի հայտարարությունը վերաբերում է կազմակերպություն-կազմակերպություն հարաբերություններին, այլ ոչ անդամ պետություններին»,- Քոչարյանը։

Ընդ որում, Շավարշ Քոչարյանը չասաց, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ինչպես է քվեարկել այդ որոշմանը.- «Ի դեպ, ցավալի է, բայց ՆԱՏՕ-ն ինքն է խուսափում այդ համագործակցությունից՝ գերադասելով համագործակցել անդամների հետ, բայց ոչ կազմակերպության։ Բորդյուժան ընդամենը արձանագրել է այն հանգամանքը, որ այդ ուղղությամբ իմաստ չունի շարունակել»։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով Բորդյուժայի հայտարարությանը, նշել էր՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և բոլոր ծրագրերի շրջանակում շարունակելու է համագործակցել դաշինքի հետ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների:

Օրերս Երևանում էր ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Գերմանիայի խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Կարլ Լամերսը:

«Ազատության» հետ զրույցում նա հայտարարեց, որ դաշինքի հետ Երևանի հարաբերությունները «շատ լավ են», և Բրյուսելում մտադիր չեն վերանայել այդ հարաբերությունները, երբ Հայաստանը դառնա Եվրասիական միության անդամ:

«Հարաբերությունները Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև շատ լավ են, մենք ամուր հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, ձեր երկիրը մեծ ներդրում ունի [Աֆղանստանում դաշինքի կողմից իրականացվող] ISAF առաքելությունում: Մեր հարաբերությունները որևէ կապ չունեն Եվրասիական միության հետ, և կապ չունի, թե դուք ինչ եք որոշել Եվրասիական միության կամ Մաքսային միության առնչությամբ»,- ասել էր Լամերսը։
XS
SM
MD
LG