Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպեց Իրակլի Ղարիբաշվիլիի հետ


Սերժ Սարգսյան և Իրակլի Ղարիբաշվիլի, Թբիլիսի, 19-ը հունիսի, 2014թ․
Սերժ Սարգսյան և Իրակլի Ղարիբաշվիլի, Թբիլիսի, 19-ը հունիսի, 2014թ․
Թբիլիսի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ - վրացական հարաբերություններին և հատկապես այդ հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին: Սարգսյանը և Ղարիբաշվիլին համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները:

Հանդիպման մասնակիցները արձանագրել են, որ Հայաստանը և Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը նոր խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու կնպաստի առևտրաշրջանառության աճն ավելի համակարգված դարձնելուն:

Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահի և Վրաստանի վարչապետի ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության, գաղտնի տեղեկատվության փոխանակման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերը, այլ փաստաթղթեր:

Վրաստանի մայրաքաղաքում Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև Հերոսների հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

Այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հյուրընկալվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցում և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG