Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ


Սերժ Սարգսյան և Դավիթ Ուսուպաշվիլի, Թբիլիսի, 18-ը հունիսի, 2014թ․

Սերժ Սարգսյան և Դավիթ Ուսուպաշվիլի, Թբիլիսի, 18-ը հունիսի, 2014թ․

Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

Հայաստանի նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են հայ - վրացական միջպետական գործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և խորացման գործում:

Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է պարբերական դարձնել միջխորհրդարանական բարեկամության խմբերի, խորհրդարանների մշտական հանձնաժողովների հանդիպումները՝ ի նպաստ երկկողմ կապերի առավել սերտացման և երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շփումների ակտիվացման, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորելով բարձր մակարդակի փոխայցելությունները՝ հանդիպման մասնակիցները վստահություն են հայտնել, որ ներկայիս հանդիպումը նոր խթան կհաղորդի երկու եղբայրական ժողովուրդների շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ - վրացական ավանդական բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում երեկոյան ներկա է գտնվել նաև Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին:

Պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի անունից ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի տրվել է պաշտոնական ընթրիք:

Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ - վրացական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:

Հայաստանի նախագահը այսօր հանդիպելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG