Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարական է ներկայացրել


Գյումրիի քաղաքապետի տեղակալ Գուրգեն Մալխասյանը հրաժարականի դիմում է գրել ու ազատվել զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Արդեն նախկին փոխքաղաքապետի հնարավոր պաշտոնանկության մասին դեռ երկու ամիս առաջ էր խոսվում՝ դա կապելով քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ունեցած լարված հարաբերություններով, և որ Գուրգեն Մալխասյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու որոշումը Բալասանյանն է կայացրել: Ի դեպ, Բալասանյանը Մալխասյանների ընտանիքի քավորն է:

Գուրգեն Մալխասյանը քաղաքապետի հետ ունեցած լարված հարաբերությունների մասին խոսակցությունները հերքեց:

«Մենք պարոն Բալասանյանի հետ շատ փոխըմբռնումով և լավ աշխատանք են կատարել ինչպես մինչև քաղաքապետարան տեղափոխվելը, այնպես էլ քաղաքապետարանում»,- ասաց նախկին փոխքաղաքապետը։

Գուրգեն Մալխասյանը սեփական գործն է հիմնում Երևանում՝ որպես իրավաբան: «Ազատության» հարցին՝ մի՞թե այլևս հրապուրիչ չէ փոխքաղաքապետի պաշտոնը, նա պատասխանեց.- «Կարելի է նաև այդպես ասել, որովհետև եթե ընդամենը հարց լիներ Երևան տեղափոխվելու, ես ունեմ տարբեր առաջարկներ։ Փոխքաղաքապետի պաշտոնի հրապուրիչ լինել-չլինելը պետք է նայել տարբեր տեսանկյուններից: Որպես պաշտոն հրապուրիչ է, որպես աշխատանք ծանր է»։

Գո՞ւցե աշխատավարձն է պատճառը որ արդեն պետական պաշտոնային ստիպում է աթոռը թողնել.- «Ես չեմ ցանկանում թաքցնել, որ փաստաբանի աշխատանքը շատ ավելի բարձր վարձատրվող է, քան փոխքաղաքապետի աշխատանքը»,- պատասխանեց նա՝ հավելելով, որ ինքը մոտ 250 հազար դրամ աշխատավարձ էր ստանում։

Գուրգեն Մալխասյանը թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է: Արդեն լուրեր են շրջանառվում, որ Շիրակի մարզի դատախազության նախկին դատախազ Վաղարշակ Մխիթարյանը կփոխարինի Մալխասյանին փոխքաղաքապետի պաշտոնում։
XS
SM
MD
LG