Մատչելիության հղումներ

Արտոնյալ հյուրերին Գառնու արգելոց-թանգարանում խորոված կմատուցեն


«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն այսօր ժամը երեկոյան իննի փոխարեն զբոսաշրջիկների ու այցելուների առջև դռները փակեց հինգին: «Ազատության» այցելության պահին տասնյակ օտարերկրացիներ այդպես էլ չկարողացան ներս մտնել՝ չնայած ուղեկցորդների երկարատև բանակցություններին:

Տաճարի բակում ամբողջ թափով քեֆ-ուրախության էին նախապատրաստվում․ Հարավարևելյան Եվրոպայի տարեկան համաժողովին մասնակից հյուրերի համար տաճարի բակում տոնական սեղաններ էին բացվել:

«Ստեղ չի լինելու խորոված, խորովածը բերվելու է Երևանից: Ձեր պապայի տունը չի, ձեր պապայի բակում չեն նստել էս մարդիկ: Նախարարությունը թույլ ա տվել, մարդիկ եկել են: Սա փակ իվենթ ա, ձեզ չի վերաբերվում»,- «Ազատությանն» ասաց դաշտային խոհանոցի աշխատակիցներից մեկը:

Ընդ որում, խնջույքի համար նախատեսված սեղաններն ու սարքավորումները տեղադրվել էին դեռ ժամեր առաջ և առավոտից Գառնի այցելողները ստիպված էին հազարամյա հեթանոսական տաճարի տեսարանը համադրել ժամանակակից խնջույքի սեղանների հետ:

Ուղիղ ժամը 18.00-ին դռները փակվեցին, մուտքից մոտ 200 մետր հեռավորության վրա էլ հայտնվեցին ոստիկաններ, որոնք փակեցին դեպի տաճար տանող ճանապարհը: Հսկիչներից մեկը «Ազատությանը» դուրս հրավիրեց, հայտարարելով, թե բարձրաստիճան հյուրեր են գալու՝ կառավարության անդամներ:

Արդեն Երևանում «Պատմամշակութային արգելոց-թանգարանները պահպանող ծառայության» տնօրեն Վլադիմիր Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ Գառնու տաճարում խնջույք կազմակերպելու համար Կենտրոնական բանկը վճարել է 1 մլն 120 հազար դրամ: Նախարարությունը պնդում է, թե այս քայլն արդարացված է, եթե գումար վճարողները նաև գովազդում են տաճարը:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի խոսքով, մինչդեռ, պատմամշակութային հուշարձանները վարձակալության տալու՝ Կառավարության որոշումը «խայտառակություն է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ խնջույք կազմակերպելու համար փակվել էր Զվարթնոց տաճարի հարակից տարածքը:

«Զվարթնոցը պղծվել է, որովհետև 700 հազարով կորպորատիվ (ինչպես պնդում են լրագրողները և ոչ ոք դա դեռ չի հերքել), թեթևաբարո կանանց հետ փարթի են անցկացնել: Իմիջիայլոց, նման բաները արվում են նաև գիտակցաբար: Նրանք փորձում են մարդկանց ուշադրությունը շեղել հենց հիմա քանդվող Աֆրիկյանների տնից: Այ սա է մշակույթի նախարարությունը, որը չի կարողանում պաշտպանել Աֆրիկյանների տունը, բայց կարող է 700 հազար դրամով կպցնել մի կորպորատիվ փարթի շամպայն, պոռնիկներ՝ Զվարթնոցում»,- ասաց Խզմալյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG