Մատչելիության հղումներ

Աֆրիկյանների ակումբի առջև լարված իրավիճակ է


Առավոտից դարձյալ լարված իրավիճակ էր Աֆրիկյանների ակումբի առջև: Տասնյակ ոստիկանների հսկողության ներքո բանվորներին հաջողվեց մետաղական պատնեշով շրջափակված շենքի երկրորդ հարկից երկու քար ապամոնտաժել:

Տեղ հասած երիտասարդները բռունցքներով հարվածում էին թիթեղյա ցանկապատին, պահանջում դադարեցնել շենքի քանդումը: Բանվորները, սակայն, ցած իջան միայն այն ժամանակ, երբ ակտիվիստները հոսանքից անջատեցին գեներատորը:

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամներն ասում էին, թե ստիպված են շուրջօրյա հերթապահություն սահմանել շենքի մոտ: Ինչպես Մարիա Հովումյանն էր շեշտում` Աֆրիկյանների ակումբը փրկելու միակ ճանապարհը բողոքի ցույցերի միջոցով իշխանությունների վրա ճնշում բանեցնելն է:

«Ատամներով պետք է կռիվ անենք: Տեսեք, հիմա մենք անջատեցինք հոսանքը, եթե չգայինք, ևս մի քանի քար ապամոնտաժելու էին, բայց հինգ րոպեից շարունակելու են: Փակ շուկայի օրինակը շատ թարմ է, սա պարզապես տրամաբանական շարունակությունն է այն բանի, ինչ որ արվել է, արվում է և արվելու է», - ասաց Հովումյանը:

Ավելի վաղ այստեղ էր Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը: Նա ևս պահանջեց դադարեցնել ապամոնտաժումը, բայց արդյունքի չհասավ: Նախարարության պաշտոնյան «Ազատության» հետ զրույցում ասում էր, թե ապամոնտաժման փաստաթղթերը ամբողջական չեն, սակայն, ոստիկանություն չի դիմելու այսօր հեռացված երկու քարերի համար:

«Մինչ պաշտոնապես ապամոնտաժման աշխատանքները, մենք դա կֆիքսենք և հետո կտեսնենք, եթե դա շատ վատ է հանված և այլն, և այլն, մենք արձանագրել ենք, բայց հանելն ինքնին, այո, անօրինական էր», - ասաց Այվազյանը:

Մշակույթի նախարարության պաշտոնյան հեռանալիս ակտիվիստներին ասաց, թե իր հույսը նրանք են:

Հարյուրամյա շենքի պաշտպանության խումբն այսօր նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված եվրոպական կառույցներին` վկայակոչելով Հայաստանի ստորագրած Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որով արգելվում է հուշարձանների տեղափոխումը:

Խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանի խոսքով` քաղաքային իշխանությունները շտապելու պատճառներ ունեն. - «Նշակույթի նախարարության ներկայացուցիչն էլ փաստեց, որ ապօրինի է: Կարծում եմ, չեն կարողանում փաստաթղթերը դզել, դրա համար օր առաջ փորձում են քանդեն, վերացնեն, հետո նոր, ոնց որ արվում ա միշտ, փաստաթղթային հարցերը լուծել: Կասեն` տեսեք, ինքը վթարային էր, մենք չկպանք, ինքը քանդվեց և այլն, և այլն»:

Սոնա Ասատրյանը երեկ 3 ժամ անցկացրել է ոստիկանական բաժանմունքում: Նա փորձել էր դանակով պատռել շենքը ծածկող կտորը: Այսօր դարձյալ այստեղ էր ու «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Գերակա շահը տենց բան ա, առաջ ընկնող, ագահ»:

Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը տասնյակ այսպիսի այսպիսի շենքերի ավիրման ականատեսն է: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ դրանցից ոչ մեկն այդպես էլ երկրորդ կյանք չստացավ, հօդս ցնդեցին վերականգնման խոստումները, համարակալված քարերը հայտնվեցին աղբանոցում. - «Եթե հուշարձան ենք պահպանում, ասենք թե պահպանում ենք, իսկ ինչո՞ւ հուշարձանը էս օրին հասել: Ո՞վ ա շենքը սենց դարձրել... Հուշարձանը զոհ ա գնում բիզնես շահին: Իրենք պիտի ուրախ լինեն, որ նման շենք ա իրանց բաժին հասել, տեղում վերակառուցեին և օգտագործեին իրենց էդ նախագծի մեջ: Շենքը կենդանի վկան է Երևանի պատմության, հենց այստեղ պետք է պահպանվի, որ մարդիկ անցնելիս իմանան, որ գոնե այս քաղաքը մի հարյուր տարվա պատմություն ա ունեցել` ի հակադրումն այդ էլիտար կոչված շենքերի»:

Աֆրիկյանների շենքի հետնամասում, ի դեպ, դեռ մարդիկ են ապրում: Սեփականության վկայական, ճիշտ է, չունեն, բայց նաև ապրելու տեղ չունեն, իսկ պետությունը նրանց դրամական փոխհատուցում չի առաջարկում:

«Ժամանակին գումար չենք ունեցել, որ սեփականացնենք: Եղբորս խաբեցին, փող տվեցին գնաց: Չնչին գումարներով: Որ Պրոսպեկտում ապրել ա սաղ կյանքը, գնաց հիմա Աբովյան քաղաքում ա ապրում: Իսկ ես դուրս չեմ գա: Իմ դիակի վրայում մենակ կարան հանեն», - «Ազատության»-ն ասաց բնակիչներից մեկը:
XS
SM
MD
LG