Մատչելիության հղումներ

Բեռլինում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները


Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ
Երեկ Բեռլինում կայացել է Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ ջերմությամբ է հիշում դեռ 6 տարի առաջ՝ 2008 թվականի հունիսին իրենց ունեցած առաջին հանդիպումը, գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծել, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ։

Նալբանդյանը նշել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում հայ - գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ վերջին շրջանում նոր թափ են ստացել, ինչի վկայություն են երկու երկրների միջև հաստատված քաղաքական երկխոսությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ հետևողական ջանքերով երկու երկրների միջև համագործակցությունը հնարավոր է առավել խորացնել և ընդլայնել։ Նալբանդյանը շեշտել է, որ Գերմանիան Եվրոպայում Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից է, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ առկա է շուրջ երեք տասնյակ պայմանագիր և համաձայնագիր ներառող ամուր իրավապայմանագրային դաշտ, զարգանում է գործակցությունը միջազգային կազմակերպություններում, բարձր մակարդակի վրա են միջխորհրդարանական շփումները, ընդլայնվում են գործարար կապերը՝ Հայաստանում գործում է գերմանական կապիտալով մոտ 100 ընկերություն, ակտիվանում է գիտակրթական և մշակութային համագործակցությունը: Նրանք նշել են, որ Հայաստանն ու Գերմանիան արդյունավետ համագործակցում են խաղաղապահ գործողությունների շրջանակներում, մասնավորապես՝ Աֆղանստանում։

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին, Իրաքում տիրող իրավիճակին:

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին: Ընդգծվել է, որ երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում։

Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել պարբերական հանդիպումները։

Նալբանդյանը հրավիրել է Շտայնմայերին այցելել Հայաստան։

Նախարարները ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG