Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը խնդրում է չպաշտպանել Ղարաբաղը իրենից


Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը, 17-ը հունիսի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը, 17-ը հունիսի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությունը: Մոտ 40 րոպե տևած զրույցում նախագահը պատասխանեց մի շարք հարցերի՝ Եվրասիական միությունում Հայաստանի ապագայի, երկրի անվտանգության հարցերի, ընդդիմության պահանջների, անգամ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության վերաբերյալ։

Այո, Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությունը, հաստատել է նախագահը, մանրամասնելով՝ այն սահմաններով, ինչպես Հայաստանը անդամակցել է մյուս բոլոր միջազգային կառույցներին։

«Այո, Հայաստանի Հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով՝ այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունը այս 20, 22 տարիների, 23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին: Որևէ մեկը կա՞, որ էստեղ հարց առաջացնի կամ ասի՝ էս մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ոչ», - ասաց Սերժ Սարգսյանը:

«Ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ՝ երկրորդ հայկական հանրապետության հետ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, և կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է, սխալ է», - շարունակեց նախագահը` միաժամանակ նշելով․ - «Այո, որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով՝ մենք չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:


Սերժ Սարգսյանը խնդրում է չպաշտպանել Ղարաբաղը իրենից


Նախագահը ավելացրեց, որ օգտվելով հնարավորությունից՝ խնդրում է իր քննադատներին չպաշտպանել Լեռնային Ղարաբաղը իրենից, քանի որ դա, ըստ նրա, վիրավորական և անհեթեթ է։

Սերժ Սարգսյանը նաև վստահեցրեց, որ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունից անակնկալի չի եկել, և հայկական 10-հոգանոց պատվիրակությունն իմացել է Ադրբեջանի նախագահի նամակի մասին նախօրոք: Դիվանագիտությունն էլ տղայություն անելու տեղ չէ, ասաց Հայաստանի նախագահը՝ հակադարձելով այն քննադատներին, ովքեր նրան մեղադրում են Նազաբաևին չպատասխանելու ու նվաստացուցիչ իրավիճակում հայտնվելու համար։

«Եվ երբ որ ես ասում էի՝ իրոք տհաճ էր, տհաճությունը ոչ թե բովանդակային առումով էի ասում տհաճ էր, այլ տհաճ էր, որ Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի նախագահի նամակին: Միայն այսքանը», - շեշտեց Սարգսյանը:

«Իսկ որ, նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետությունն ունի իր հստակ սահմանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի իր հստակ սահմանները՝ այստեղ կասկածելու ոչինչ չկա: Եվ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են մինչև վերջ ճիշտ չհասկանալ Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը և փորձում են այս թեման դարձնել քննարկումների առարկա, ոչնչով չեն օժանդակում, ընդհակառակը՝ խոչընդոտում են խնդրի լուծմանը և վտանգներ են, հավելյալ վտանգներ են առաջացնում Հայաստանի Հանրապետության համար», - ասաց նախագահը:

«Եվ այստեղ մի բան էլ պիտի ասեմ՝ օգտվելով այս հնարավորությունից և դիմելով իմ քննադատներին․ խնդրում եմ, մի՛ պաշտպանեք Արցախը ինձնից՝ սա ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ է, անհեթե՛թ», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«20 տարի տևող բանակցությունների արդյունքը 20 տարի տևող խաղաղությունն է»


Խոսելով ղարաբաղյան հակամարտությունից՝ նախագահը նշեց, որ սահմանին հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերը ոչ թե հակառակորդի նոր մարտավարություն, այլ ընդամենը երկար տարիներ գոյություն ունեցող պրոցեսների զարգացումն է։

Սարգսյանը շեշտեց, որ հակառակորդը հայկական սահմանների երկայնքով լարվածությունը չի թուլացնում, որվհետև այդ կերպ աշխարհին ուզում է ցույց տալ, որ պատերազմը չի ավարտվել և եթե բանակցային գործընթացում հաջողություններ նրանք չունենան, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը։ Նախագահի հավաստմամբ՝ Հայաստանը 1994 թվականի մայիսից՝ զինադադարի հաստատումից հետո երբեք նպատակ չի ունեցել վերսկսել ռազմական գործողությունները։

«Հայաստանի համար առաջնայինը անվտանգության խնդիրներն է, և մենք ջանսիրությամբ ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ և կատարելագործում նախկինը, և կարիքը չունենք դրանց ցուցադրման։ Մենք ոչինչ չենք խնայելու՝ ունենալու այն, ինչն անհրաժեշտ է սահմաններն անառիկ պահելու, անվտանգությունը ապահովելու համար», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«20 տարի տևող բանակցությունների արդյունքը հակառակ կողմի հետ 20 տարի տևող խաղաղությունն է, թեև, այո, վատ, փխրուն խաղաղություն է, ու բանակցությունները դանդաղ են ընթանում: Իսկ պատճառն այն է, որ մենք և Ադրբեջանը տարբեր կերպ ենք մեկնաբանում այն սկզբունքները, որոնք համանախագահների կողմից առաջարկվել են որպես խնդրի լուծման հիմք», - ասաց Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Մենք և համանախագահները այդ լուծումները պատկերացնում ու մեկնաբանում ենք նույն կերպ, Ադրբեջանն այլ բան է հասկանում, և այս տարակարծությունը, պատահական չէ, որ ամեն անգամ հասնելով մի ինչ-որ փուլի՝ Ադրբեջանը նոր առաջարկներով է հանդես գալիս, որը խոչընդոտող հանգամանք է։ Մենք նույն կերպ պետք է հասկանանք միջազգայնորեն ստեղծված սկզբունքները»։


«Կարծիքների բախման արդյունքում կունենանք շատ լավ որոշումներ»


Անդրադառնալով ընդդիմության 12 պահանջների վերաբերյալ հարցին՝ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ ծանոթացել է դրանց ու կարծիքների բախումն էլ օգտակար է համարում։ Միաժամանակ, նա ավելացրեց, որ պահանջները կազմողները թույլ են տվել «լեզվաշարադրական բացթողումներ, որովհետև եթե նպատակը համագործակցությունն է, ապա այդպիսի փաստաթղթից պետք է բացառել «պահանջում ենք», «պարտադրում ենք» բառերը»:

«Այն հարցերը, որոնք ներառված են մեր [նախընտրական] ծրագրերում, պետք է արագ առաջ տանել, մեր ընդդիմադիրներին հայտնենք, թե այս ուղղություններում մինչև ուր ենք շարժվելու: Երկրորդ՝ այն հարցերը, որոնք առնչություն ունեն սահմանադրական բարեփոխումների հետ, անպայման պետք է քննարկվեն՝ հեղինակների հետ միասին, և գան ընդհանուր հայտարարի: Եվ երրորդ՝ այն հարցերը, որոնք, մեր կարծիքով, մեր թիմի կարծիքով, իրատեսական չեն, ապա անպայման պետք է բացատրել մեր ընդդիմախոսներին, թե ինչու իրատեսական չեն և ինչ հետևանքների կարող են բերել, եթե մենք խնդիրները լուծենք այդ կերպ, ինչ կերպ իրենք են առաջարկում», - ասաց Հայաստանի նախագահը:

«Նորից եմ կրկնում և ես համոզված եմ, որ կարծիքների այս բախման արդյունքում մենք կունենանք շատ լավ որոշումներ», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:
XS
SM
MD
LG