Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը խաղաղության ծրագիր կառաջարկի


Ուկրաինա -- Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստը, 16-ը հունիսի, 2014
Ուկրաինա -- Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստը, 16-ը հունիսի, 2014
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ այս շաբաթավերջին խաղաղության ծրագիր է առաջարկելու, որը ներառելու է նաև հրադադար ռուսամետ անջատական գրոհայինների հետ:

Երկուշաբթի օրը անցկացված Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում Պորոշենկոն ասել է, որ հրադադարը կլինի խաղաղության ավելի լայն պլանի առաջին առաջարկը:

«Հուսով եմ՝ այս շաբաթ դա տեղի կունենա»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինայի արևելյան շրջանները իրենց վերահսկողության տակ պահող ռուս անջատականներից այս պահին որևէ արձագանք չկա:

Այսօր նույնպես բախումները շարունակվել են: Պաշտոնական Կիևը հրապարակել է վերջին երկու ամիսների ընթացքում զոհված զինծառայողների թիվը: Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման ասել է, որ երկրի արևելքում ռուսամետ անջատականների դեմ «հակաահաբեկչական գործողությունները» սկսելուց ի վեր Ուկրաինայի անվտանգության ուժերը 125 զոհ են տվել, ներառյալ՝ զինվորականներ, ոստիկաններ, սահմանապահներ և անվտանգության ծառայության աշխատակիցներ:

Միայն հունիսի 14-ին ուկրաինական բանակը կորցրեց 49 զինծառայող, երբ անջատականները խփեցին Լուգանսկի օդանավակայանում վայրէջք կատարող ռազմական տրանսպորտային օդանավը:

Ռուսամետ անջատականների զոհերի մասին համակարգված տվյալներ չկան: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում 80 անջատական է սպանվել։

Ուկրաինայի արևելքում բախումները չեն դադարում: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հաղորդում է, որ այսօր Դոնեցկի մարզում ռուսամետ անջատականները հարձակվել են անցակետի վրա, 31 սահմանապահ ու զինվոր է վիրավորվել:

Անցած գիշեր Լուգանսկի մոտ ականանետի ռմբահարման տակ են ընկել ռուսական ընկերության լրագրողները: Համառուսական պետական հեռուստառադիո ընկերության լրագրող Իգոր Կոռնելյուկը զոհվել է։ Հնչյունային ռեժիսոր Անտոն Վոլոշինը վիրավորվել է. ըստ որոշ, լուրերի նա ևս մահացել է, բայց այս պահին պաշտոնապես տեղեկություն չկա, իսկ նույն խմբի օպերատոր Վիկտոր Դենիսովը չի տուժել:
XS
SM
MD
LG