Մատչելիության հղումներ

Լոնդոնը վերաբացում է դեսպանությունը Թեհրանում


Իրաքում քրդական անվտանգության ուժերը ձերբակալել են մի մարդու, ով, ենթադրաբար, «Իրաքի և Լևանտի մահմեդական պետություն» շարժման զինյալներից է: Կիրկուկ, 16 հունիսի, 2014թ.

Իրաքում քրդական անվտանգության ուժերը ձերբակալել են մի մարդու, ով, ենթադրաբար, «Իրաքի և Լևանտի մահմեդական պետություն» շարժման զինյալներից է: Կիրկուկ, 16 հունիսի, 2014թ.

Արևմուտքը հուսով է, որ Իրանի աջակցությամբ կհաջողվի կասեցնել Իրաքում սուննի մահմեդականների ռազմական առաջխաղացումը։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը մտադիր է վերաբացել դեսպանությունն Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այդ մասին նա գրավոր դիմում է ներկայացրել խորհրդարան` նշելով, որ «հիմա դիվանագիտական առաքելության աշխատանքը վերսկսելու ճիշտ պահն է»։

Հեյգի համոզմամբ, նախագահի պաշտոնում Հասան Ռոհանիի ընտրությունը կարևոր քայլ էր Արևմուտքի և Իրանի հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։

«Իրանն ունի տարածաշրջանում ավելի դրական դեր կատարելու կարողություն», - խորհրդարանում ասել է Բրիտանիայի արտգործնախարարը։

Լոնդոնը սառեցրել էր դիվանագիտական կապերը Թեհրանի հետ 2011 թվականին Իրանի մայրաքաղաքում բրիտանական դեսմպանատան վրա մոլեռանդ մահմեդականների ամբոխի կատարած գրոհներից հետո։ Հետագայում բրիտանացիները վերականգնել են կապերը և գործերի ժամանակավոր հավատարմատար նշանակել։

Ակնհայտ է, որ այդ գործընթացը խթանող առանցքային հանգամանքը Իրանի հարևան Իրաքում սուննի մահմեդական զինյալների նախաձեռնած լայնածավալ և այս պահին բավական հաջող ընթացող ռազմական գործողություններն են։

Արևմուտքը ցանկանում է բարելավել հարաբերությունները, քանի որ Իրանը կարող է նպաստել Իրաքում սուննիների առաջխաղացումը խափանելուն։

«Իրաքի և Լևանտի մահմեդական պետություն» ստեղծելու նպատակ հռչակած սուննիները գրավել են Մոսուլը, Բաքուբան, Թիքրիտը և մի շարք այլ քաղաքներ ու շարժվում են մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։

Իրաքում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովն այսօր ասել է, թե «սուննիների գրոհները մահացու սպառնալիք են Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար»։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հրամանով մոտ 275 դեսանտային է ուղարկվել Բաղդադ` ամերիկյան դեսպանատունը պաշտպանելու համար։

Պետական դեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին ասել է, թե Վաշինգթոնը պատրաստ է Իրանի հետ քննարկել Իրաքի կացության հարցը` նշելով, որ ամերիկացիները Իրաքի բոլոր հարևանների հետ են քննարկումներ անցկացնում։

Ամերիկայի հետ Իրաքի հարցում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Իրանի նախագահ Ռոհանին։

Հենց այս օրերին Վիեննայում տեղի են ունենում Իրանի և վեց տերությունների բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Աշթոնի խոսնակ Մայքլ Մաննը Վիեննայում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է, որ բանակցություններն անցնում են շատ գործնական և լավ մթնոլորտում։ Երեկ Վիեննայում հանդիպել են Աշթոնը և Իրանի արտգոծնախարար Մոհամադ Զարիֆը։

«Յուրաքանչյուրը ձգտում է անել առավելագույնը համաձայնությունը կայացնելու համար», - ասել է Մաննը։

Փորձագետներն ակնկալում են, որ այս բանակցությունները կպսակվեն հաջողությամբ։ Այն պատմական և ճակատագրական նշանակություն կունենա մերժված պետության դերում տասնամյակներ շարունակ գոյատևող Իրանի համար, քանի որ կընձեռի էներգակիրները համաշխարհային շուկա արտահանելու, Արևմուտքի հետ բնականոն առևտուրը վերականգնելու և միջազգային մեկուսացումից վերջապես դուրս գալու հնարավորություն։

Ի դեպ, ըստ փորձագետների, իրանական էներգակիրների արտահանման աճը կհանգեցնի համաշխարհային շուկաներում դրանց ընդհանուր գնի էական իջեցման, ինչն անուղղակիորեն կհարվածի Ռուսաստանի շահերին։
XS
SM
MD
LG