Մատչելիության հղումներ

Թուրքական ընդդիմությունը միասնաբար հանդես կգա օգոստոսի 10-ի նախագահական ընտրություններում


Թուրքական ընդդիմությունը վերջապես կողմնորոշվում է: Երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները` Ազգայնական շարժումն ու ձախ-կենտրոնամետ Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը երեկ հայտարարեցին, որ առաջիկա նախագահական ընտրություններին հանդես են գալու միասնական թեկնածուով:

Կուսակցությունները որպես միասնական թեկնածու առաջադրում են «Իսլամական համաժողով» (2011-ից`«Իսլամական համագործակցություն») կազմակերպության երկարամյա գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուին: Այս մասին թուրքական խորհրդարանի` Ազգային Մեծ Ժողովի շենքում մի քանի ժամ տևած խորհրդակցությունից հետո հայտարարեցին երկու կուսակցությունների ղեկավարները` կայացված որոշումը բնութարգելով որպես «մեծ համաձայնություն»:

«Մենք առաջադրեցինք մի մարդու, ում կենսափորձը, ազնվությունը, գիտելիքներն ու համեստությունը օրինակելի են: Էքմելեդդին Իհսանօղլուն այն մարդն է, ում առաջադրմամբ ի հայտ է գալիս նոր ժողովրդավարական մոդել: Այն հնարավորություն կտա մեզ պահպանել խաղաղությունը, զերծ մնալ անկարգություններից», - հայտարարել է Ժողովրդա-Հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Նշեմ, որ ընդդիմության միասնական թեկնածուն բավական հարգված գործիչ է թուրքական հանրության տարբեր շերտերի համար: Իհսանօղլուն երկար տարիներ զբաղվել է դասախոսական գործունեությամբ` 2005-ին ստանձնելով «Իսլամական համաժողով» կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Իհսանօղլուն շուրջ 10 տարի ղեկավարել է ՄԱԿ-ից հետո աշխարհի ամենամեծ միջկառավարական այս կազմակերպությունը համարվող այս կառույցը: 2005-ին Իհսանօղլուն այս պաշտոնում ընտրվեց Էրդողանի կառավարության դիվանագիտական ջանքերի շնորհիվ: Հետագայում, սակայն, նրա և «Արդարություն և զարգացում» կուսակցության հարաբերությունները զգալիորեն վատթարացան: Անցած տարվա ամռանը Իհսանօղլուն նույնիսկ դարձավ Էրդողանի կառավարության ենթակայության տակ գործող լրատվամիջոցների հակաքարոզչական արշավի թիրախը: Նրան մեղադրում էին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը կանխելու անկարողության մեջ:

Նշեմ նաև, որ հենց Իհսանօլղուի պաշտոնավարման ընթացքում էր, որ «Իսլամական համաժողով» կազմակերպությունը մի շարք խիստ հակահայկական բնույթի բանաձևեր ընդունեց: 2008-ի մարտին, օրինակ, կազմակերպության` Սենեգալի մայրաքաղաք Դաքարում կայացած գագաթաժողովի ընթացքում Իհսանօղլույի ղեկավարած կառույցը հաստատեց 10/11 բանաձևը, որով Հայաստանը ագրեսոր պետություն էր ճանաչվում: Բանաձում պաշտոնական Երևանին մեղադրում էին Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի զավթման, ինչպես նաև հայազգի վերաբնակիչներին այդ տարածքներ տեղափոխելու մեջ: Սրանից երկու տարի անց` 2010-ի գարնանը, Դուշանբեյում կայացած գագաթաժողովի ընթացքում «Իսլամական համաժողով» կազմակերպությունը Հայաստանի դեմ ուղղված նոր փաստաթուղթ ընդունեց, որում Հայաստանը մեղադրվում էր Ադրբեջանի գրավյալ շրջաններում գտնվող մզկիթներն ու հնագիտական նշանակություն ունեցող վայրերը ոչնչացնելու մեջ:

Բացի այդ, «Իսլամական համաժողովի» անդամները Երևանից պահանջում էին կատարել 90-ականների սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձերի պահանջները:

Այս ֆոնին Էքմելեդդին Իհսանօղլուի` թուրքական ազգայնականության և իսլամական համերաշխության սկզբունքներին ցուցաբերած հավատարմությունն է թերևս պատճառը, որ նրա առաջադրումը մեծ ոգևորությամբ ընդունվեց հատկապես «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերում: Այսօր «Ազգայնական շարժման» խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարեց, որ Իհսանօղլուի ընտրությունը կնպաստի Մերձավոր Արևելքում Թուրքիայի զգալիորեն սասանված դիրքերի ամրապնդմանը:

«Հաշվի առնելով խորացող տարածաշրջանային խնդիրները, Մոսուլում տեղի ունեցած իրադարձությունները` Իհսանօղլուի ընտրությունը կարող է լուրջ շանս դառնալ Թուրքիայի համար», -հայտարարեց թուրք ազգայնականների առաջնորդը` հույս հայտնելով, որ ընդդիմադիր ուժերի դաշինքին կմիանան ավելի մանր իսլամիստական ու ազգայնական կուսակցությունները, մասնավորաբար` ծայրահեղ աջ հայացքներ դավանող «Մեծ միությունն» ու իսլամիստական «Բարօրության» կուսակցությունը:

Ինչ վերաբերում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչներին, ապա այստեղ 71-ամյա Իհսանօղլուի առաջադրման լուրը կարծես լուրջ անհանգստություն չի առաջացրել, ինչը թերևս օրինաչափ է: Ընտրություններին երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել. դրանք կայանալու են օգոստոսի 10-ին: Բացի այդ, քարոզարշավի համար նախատեսված ժամկետի ուղիղ կեսը բաժին է ընկնելու է մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսին:

Թուրքական մամուլի գնահատմամբ, նման պայմաններում իշխանությունները բավական շահեկան դիրքում կհայտնվեն, քանի որ ընդդիմությանը շատ դժվար կլինի լայնորեն ճանաչելի դարձնել ներքաղաքական դաշտի նորեկ հանդիսացող Էքմելեդդին Իհսանօղլուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG