Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարարը ևս չի հստակեցնում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրման ժամկետը


Չնայած Աստանայի գագաթնաժողովից տևական ժամանակ է անցել, սակայն Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները մինչ օրս չեն կարողանում նշել՝ ե՞րբ է ի վերջո ստորագրվելու Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ե՞րբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագիրը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը միայն նշեց.- «Բարձրագույն մարմնի որոշումը կա՝ մինչև հուլիսի 1-ը պայմանագիրը նախապատրաստել ստորագրման»։

«Ազատության» այն դիտարկմանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը որպես ժամկետ նշում էր հունիսի 15-ը, իսկ այդ ժամկետը լրացել է, Քոչարյանը այսպես արձագանքեց.- «Ներողություն, կա, ասում եմ, Եվրասիական բարձրագույն մարմնի որոշում, որը տեղադրված է իրենց սայթում այն մասին, որ մենք մինչև հուլիսի 1-ը նախապատրաստենք ստորագրման»։

Փոխարտգործնախարարը անպատասխան թողեց հարցը՝ իսկ ստորագրման ստույգ օրը հայտնի՞ է, թե՞ ոչ։

Այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային, իսկ հետո նաև՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու իր որոշման մասին, քիչ ժամանակ չի անցել:

Այդ ընթացքում ռուսական կողմը պաշտոնապես հասցրել է զարմանալ, թե ինչ արագությամբ են Հայաստանի իշխանությունները կատարում Եվրասիական միությանը անդամակցելու «ճանապարհային քարտեզը»:

Այդ ընթացքում նաև տեղի ունեցան Մաքսային ու Եվրասիական միության մի քանի գագաթնաժողովներ, որոնցից վերջինի՝ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Սարգսյանը անգամ խնդրեց մինչև հունիսի 15-ը վերջնաժամկետ սահմանել՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման համար: Սակայն ավելի ուշ հրապարակված Աստանայի գագաթնաժողովի որոշման մեջ ընդամենը ասված է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել այդ պայմանագիրը (ինչի մասին այսօր ասաց Շավարշ Քոչարյանը), բայց այն ե՞րբ է ստորագրվելու՝ ոչ մի խոսք:

Երեկ էլ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը չկարողացավ նշել, թե երբ է ստորագրվելու պայմանագիրը: Բադալյանը անգամ հավելեց, թե իր տեղեկություններով պայմանագրի ստորագրումը նախատեսվում էր հունիսին, ինչից կարելի է ենթադրել, որ փաստաթուղթը հունիսին նույնպես չի ստորագրվի:

«Պայմանագրի ստորագրումը ես գիտեմ, որ հունիսին էր նախատեսվում, ես հիմնական բանակցող չեմ, չեմ մասնակցում բանակցություններին։ Ես չեմ կարող ասել հստակ ժամկետ, ես գիտեի հունիսին։ Բանակցային գործընթացին անձամբ չեմ մասնակցում»,- ասաց Բադալյանը։
XS
SM
MD
LG