Մատչելիության հղումներ

logo-print

Դպրոցի տնօրեն. Լրագրողները երևի թե մի օր Սամվել Ալեքսանյանի արձանը դնեն


«Սամվել Ալեքսանյանի անվան դասարան» գրառմամբ ցուցանակն այսօր փոխարինվել էր «Սամվել Ալեքսանյանի կողմից վերանորոգված» գրությամբ վահանակի:

Նախորդ շաբաթ մամուլում շրջանառվեց մի լուսանկար, որում Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի դասարաններից մեկի ցուցանակն էր՝ կոչված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվամբ:

Արդեն վերափոխված ցուցանակը տեսնելու համար մենք շուրջ մեկ ժամ սպասեցինք դպրոցի բակում: Դպրոցի փոխտնօրենն ու հսկիչն ասացին, որ ներսում քննություն է: Դռները բացվեցին միայն այն ժամանակ, երբ խնդրի մասին տեղեկացրեցինք Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին:

Իսկ երբ հարցի հետ կապված փորձեցինք ճշտել աշակերտների կարծիքը, բախվեցինք փոխտնօրենի ու հսկիչի հարուցած խոչընդոտներին: Մինչ թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտները մեր հարցերին կցկտուր պատասխաններ էին տալիս՝ փորձելով հաճոյանալ տնօրենին, հարևանությամբ գտնվող ավագ դպրոցի աշակերտները պնդում էին, որ ԱԺ պատգամավորի կողմից դասարանի վերանորոգման ծախսերը հոգալը բավարար փաստ չէ, որպեսզի նրա անվամբ դասարան անվանակոչվի:

«Մոնթեի անվան դպրոց ա սա, Սամվել Ալեքսանյանի անունով դասարան չեմ կարծում, որ պետք է լիներ, ինչքան էլ որ ֆինանսավորել է»:

Մեր զրուցակիցը, ով դեռ նոր էր պատրաստվում իր երեխային այս դպրոց տեղափոխել, անընդունելի համարեց ԱԺ պատգամավորի անվամբ դասարան անվանակոչելն ու հավելեց, որ այդ երևույթի դեմ հարկավոր է պայքարել:

Ի տարբերություն այս ծնողի, արդեն երկար տարիներ թիվ 11 դպրոցում սովորող աշակերտների մայրերը նախ հրաժարվեցին տեսանկարահանվել ու խոսել այս թեմայի շուրջ, հետո հավելեցին.- «Բայց ոչի՞նչ, որ մեր բարերարն է»:

Թեպետ տնօրենը Սամվել Ալեքսանյանին համարում է «արժանի բարերար, անասելի հետաքրքիր անհատականություն», նաև զարմանում է, թե ինչու դասարանը Ալեքսանյանի անվամբ կոչելը բացասական արձագանք ստացավ, այդուհանդերձ, հավելում է, որ ցուցանակն այսօր արդեն փոխվել է: Նախկին գրությունը ամեն դեպքում համարեց բացթողում իրենց կողմից:

«Ծնողական համայնքն է առաջարկել, որպեսզի դասասենյակն իր անվամբ կոչեն»,- ասաց Ռուզաննա Ազիզյանն ու նշեց, որ գուցե մի օր հենց լրագրողները Ալեքսանյանի արձանը տեղադրեն։

«Կարծում եմ՝ վաղ թե ուշ կգա մի ժամանակ, որ լրագրողներն էլ են գնահատելու Ալեքսանյանին, որովհետև Սամվել Ալեքսանյանն այն անձն է, որ այսքան նյութեր է տալիս ձեզ, որպեսզի դուք հետաքրքիր նյութեր ունենաք: Եվ երևի թե դուք նույնիսկ, Աստված մի արասցե, նրա մահից հետո արձանը դնեք, որովհետև չափից ավելի հետաքրքիր անձնավորություն է փաստորեն ձեզ համար: Սա կավարտվի, հետո Ալեքսանյանի համար մի բան էլ կգտնեք, կամ Ալեքսանյանը նոր դպրոց կկառուցի, կամ մի երեխա էլ կունենա ու դուք կանդրադառնանք նրան»,- ասա տնօրենը:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թեև գնահատում է Ալեքսանյանի բարեգործությունը, բայց հավելեց, որ վերջինս պարտավոր էր վերանորոգել այդ դասարանը:

«Իր ունեցածի համար դա մեկ կաթիլ է»,- ասաց նա ու ընդգծեց, որ մտահոգիչն այն է, որ միաժամանակ պատգամավոր և գործարար լինելը արդեն հակասահմանադրական է։ Հետևաբար, ըստ Բախշյանի, անընդունելի է նաև նրա անվամբ դասարան կոչելը:

Ի դեպ տնօրենն ասաց նաև, որ իրենց դպրոցում հաճախ են հանդիպումներ կազմակերպվում ԱԺ պատգամավոր Ալեքսանյանի ու աշակերտների ծնողների հետ, քննարկվում են տարբեր թեմաներ: Իսկ խնդրո առարկա դասարանի բացմանը Ալեքսանյանը ներկա է եղել ու շոյվել՝ ցուցանակը տեսնելիս:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG