Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը հիմա էլ Մոլդովային է սպառնում


Սկուլենի անցակետը Մոլդովայի և Եվրամիության անդամ Ռումինիայի սահմանին, արխիվ

Սկուլենի անցակետը Մոլդովայի և Եվրամիության անդամ Ռումինիայի սահմանին, արխիվ

Կրեմլին անհանգստացնում է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրելու Քիշնևի մտադրությունը։

Տնտեսական բարդություններ

Ռուսները մոլդովացիներին սպառնում եմ «առևտրային պատերազմով»։

«Մոլդովան չի կարող համատեղել կարգավորող երկու կառույցները` Եվրամիությունը և ԱՊՀ-ն, մոլդովացիները ստիպված կլինեն ընտրություն անել։ Եվ եթե այն լինի եվրոպական համակարգի օգտին, ապա Անկախ պետությունների համագործակցության համակարգն այլևս կդադարի նրանց համար բարենպաստ լինել», - ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը։

«Մենք այդ մասին հայտնել ենք մեր մոլդովացի գործընկերներին, սակայն նրանք հուսով են, որ կկարողանան խուսափել այդ բարդություններից, և խոստացել են որոշակի հիմնավորումներ ներկայացնել», - հավելել է փոխնախարարը։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիխաչյովը հիշեցրել է, որ ԱՊՀ ազատ առևտրի մասին գործող պայմանագիրը Մաքսային միությանն ընձեռում է սեփական շահերը պաշտպանելու իրավունք այն դեպքում, եթե ԱՊՀ-ի երկրներից մեկը ստեղծում է ազատ առևտրի գոտի երրորդ կողմի հետ։

Փոխնախարարն ասել է, որ Մոսկվան առաջարկում է անցկացնել ռուս - մոլդովական - եվրոպական եռակողմ բանակցություններ և քննարկել Ասոցացման պայմանագրի ստորագրումից բխող ռիսկերը։

Տնտեսությունից բացի` նաև տարածքային խնդիրներ

Մոլդովան պատրաստվում է հունիսի 27-ին ստորագրել պայմանագիրը։ Ի դեպ, բուն առևտուրը միակ վտանգը չէ։ Գագաուզիան հայտարարել է, թե անկախություն կհռչակի այն դեպքում, եթե Մոլդովան ստորագրի Ասոցացման պայմանագիրը։

Մոլդովայի հարավում գտնվող ինքնավար-տարածքային կազմավորումը` Գագաուզիան, ունի հատուկ կարգավիճակ, որը 1994 թվականին ընդունել է Մոլդովայի խորհրդարանը։

Այդ կարգավիճակով Գագաուզիան կարող է ինքնորոշվել այն դեպքում, եթե Մոլդովան զրկվի անկախությունից։ Գագաուզիայում պնդում են, որ Ասոցացման պայմանագիրը ազդում է Մոլդովայի անկախության վրա։ Այդ մասին ասել է կազմավորման ղեկավար Միխայիլ Ֆորմուզալը։ Քիշնևը, իհարկե, հերքում է այդ թեզը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ Ասոցացման պայմանագիրը որևէ առնչություն չունի Մոլդովայի անկախության և ինքնիշխանության հետ», - վերջերս հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Կորմանը։

Բայց միայն տնտեսությամբ կամ Գագաուզիայով մոլդովացիների բարդությունները չեն սահմանափակվում։ Մոսկվան ցանկացած պահին կարող է է՛լ ավելի սրել իրավիճակը` շահագործելով Մերձդնեստրի խնդիրը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG